Եթե Փաշինյանն իրեն երևակայել է մարդ-պետություն, ու եթե ձախողվել է, ապա չի կարող մեղքն ուրիշի վրա գցել


13:09 , 14 նոյեմբեր, 2020
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փլուզման եզրին է հասել, բայց այդպես էլ չի դարձել ինստիտուցիոնալ։ Դա մեկ անձի իշխանություն է՝ ուժեղ, թե թույլ՝ կախված այդ անձի տվյալ պահի հանրային վստահությունից։ Ինչն այս պարագայում չափազանց վտանգավոր է մեր երկրի համար։
Փաշինյանը միանձնյա ձևավորեց խորհրդարան 88 մանդատով, որ ինչ որոշում ուզենա ընդունի, ինչ օրենք ուզենա անցկացնի։ Փաշինյանը կյանքի գնով հասավ նրան, որ Սահմանադրական դատարանն էլ լինի իր համար կառավարելի։ Նա ցույց տվեց, որ Արայիկ Հարությունյանը չի դառնա Արցախի նախագահ, եթե չանցի իր «թրի տակով», քանի որ նա համարվում էր նախկին կոռումպացված համակարգի կարկառուն ներկայացուցիչ։ Դա էլ եղավ, բայց գործիմաց հանրային գործիչները պարբերաբար ակնարկում էին, որ մենք ունենք չկարգավորված Ղարաբաղյան խնդիր, ու եթե ՀՀ-ի ու Արցախի ողջ իշխանությունը կենտրոնացվում է Փաշինյանի ձեռքում, ապա նա դառնում է չափազանց խոցելի, քանի որ մի մարդու վրա ազդելը շատ ավելի հեշտ է։ Հիմա, եթե Փաշինյանը ստորագրել է մի խայտառակ փաստաթուղթ ու այն անմիջապես ուժի մեջ է մտել, քանի որ ՌԴ խաղաղապահներն արդեն Արցախում են, Փաշինյանը մանևրելու տեղ չունի, նա չի կարող ասել՝ եթե ես ստորագրեցի, դա չի նշանակում, որ այն մինչև վերջ կյանքի կկոչվի, լրացուցիչ համաձայնեցումներ են պետք, քանի որ մենք խորհրդարանական կառավարման համակարգ ունենք։ Ու այս պարագայում կապ չունի, թե այդ փաստաթուղթը վավերացման ընթացակարգ նախատեսում է, թե ոչ, ուղղակի կարող էր ասել, որ եթե ես ստորագրեմ մի փաստաթուղթ, որը չի բխում ՀՀ-ի ու Արցախի շահերից, խորհրդարանը կարող է իրեն անվստահություն հայտնել։ Կամ կարող էր ասել, որ Արցախը սուվերեն պետություն է, թեկուզ չճանաչված, ու ես չեմ կարող նրա փոխարեն որոշում կայացնել, լրացուցիչ համաձայնեցումների կարիք կարող է առաջանալ հետագայում։ Նույնիսկ եթե հավատանք, որ Փաշինյանն ուրիշ ճար չուներ, գերադասեց փրկել տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների կյանքը, դա էլ կհասկանայինք, բայց հիմա նրանց կյանքին վտանգ չի սպառնում՝ ռուս խաղաղապահներն այնտեղ են, բայց չենք կարող ասել, որ ընթացքում կկարողանանք մի բան փոխել, քանի որ այն ինչ ստորագրել է Փաշինյանը իր գրպանային խորհրդարանը հավանություն կտա։ Եթե ինչ որ հարց պետք է մտնի սահմանադրական դատարան, ապա այդ հարցն էլ է լուծված, եթե ինչ որ հարցի նկատմամբ պետք է վերաբերմունք հայտնի ՀՀ նախագահը, ապա նա էլ է կառավարելի, քանի որ քաղաքացիության մասին մի տեղեկանք ունի, որը միայն Փաշինյանն է տեսել։ Ու այս ամենին գումարվեց նաև այն, որ Փաշինյանն այնքան ոգևորվեց իր բացարձակ լիազորություններով, որ հայտարարեց, թե Արցախը Հայաստան է և վերջ։ Աշխարհում միայն երեք գերտերություն կարող են իրենց թույլ տալ, որ երկրի ղեկավարն ունենա ուժեղ ուղաձիգ իշխանություն՝ ԱՄՆ-ն, ՌԴ-ն և Չինաստանը, մնացած երկրները, առավելապես նաև մեր երկիրը ուժեղ են իրենց թուլությամբ, որ ասեն, թե այսքան փոխլրացնող ու հակակշռող ինստիտուտներից բացի ունենք նաև ուժեղ ընդդիմություն, որը փողոց կհանի մարդկանց ու գահընկեց կանի ցանկացած իշխանության, մանավանդ, որ տեսել եք, որ մեր երկրում դա հնարավոր է ավելի փոքր ռեսուրս ունեցող քաղաքական ուժի պարագայում։ Իսկ Փաշինյանն այս էլ ապականեց ու ցույց տվեց, որ Ծառուկյանը հենց ըմբոստանա, կհայտնվի ճաղերի հետևում։ Ուստի եթե Փաշինյանն իրեն երևակայել է մարդ-պետություն, ու եթե ձախողվել է, ապա չի կարող մեղքն ուրիշի վրա գցել, եթե ինքը բոլոր հաջողությունների մարմնացումն էր, ապա պետք է լինի նաև ձախողումների պատասխանատուն, որ որպեսզի դա չտրանսֆորմացվի մեր պետության վրա, ինչն անթույլտարելի է, ուստի Փաշինյանը պետք է ժամ առաջ հեռանա, որքան էլ հանրության մի մասը նրա «համոզիչ» ուղերձներից հալվի։