Վաղը 10։00-ից Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին կսկսի գործել անվտանգ կերպով, առնվազն մինչև նոյեմբերի 25-ի կգործի նաև Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս մայրուղին․ Արայիկ Հարությունյան


20:28 , 16 նոյեմբեր, 2020

Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հավաստիացմամբ՝ վաղը՝ նոյեմբերի 17-ին, ժամը 10:00-ից Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին սկսելու է գործել անվտանգ կերպով:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Ըստ ձեռքբերված պայմանավորվածության՝ առնվազն մինչև նոյեմբերի 25-ը դրան զուգահեռ կգործի նաև Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս մայրուղին:

Արցախի Հանրապետության իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության համագործակցությամբ առավելագույնը կատարվում է ապահովելու համար արտաքին աշխարհի հետ Արցախի բնակչության տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, և մեր քաղաքացիներն արդեն կարող են իրենց ապահով զգալ ու վերադառնալ հայրենի տներ»: