Հանուն Հայաստանի ու Արցախի, հանուն համայն հայության Փաշինյանն իր թիմով պետք է օր առաջ հեռանա ու անպայման անցնցում,


19:29 , 11 նոյեմբեր, 2020
Թե ինչ տեղի ունեցավ Հայաստանի, Արցախի քաղաքացիների ու նաև համայն հայության հետ՝ Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիայի ակտի հետ կապված, անգամ դժվար է նկարագրել, ու, կարծում եմ, դեռ շատ երկար այս շոկային վիճակից դուրս չենք գա, եթե, իհարկե, հույս կա, որ երբևե դուրս կգանք։ Բայց պետք է այնքան հզորացնենք Հայաստանը, որպեսզի հույս ունենանք, որ եթե աշխարաքաղաքական տարբեր վայրիվերումների արդյունքում Թուրքիայի նկատմամբ տարբեր կողմերից ճնշումեր լինեն, որ նրան հետ մղեն «ելման դիրքեր», ապա կարողանանք օգտվել առիթից ու Ադրբեջանին «մենակ բռնացնելով» ջախջախենք։ Բայց կարո՞ղ ենք հզորանալ վարչապետ Փաշինյանի պարագայում, միանշանակ ո՜չ։ Երկար չնկարագրեմ, թե ինչու, միայն ասեմ, որ իր գործելաոճը հաղթանակի տանել չի կարող, առավելևս, այս խայտառակ պարտությունից հետո։
Ի՞նչ բացատրություն տվեց այս անպատվաբեր փաստաթղթի ստորագրման առիթով Փաշինյանը։ Որ եթե ժամանակին մենք հանձնեինք 5 շրջան, ապա այսօր այս վատ վիճակում չէինք հայտնվի։ Բայց ինքը չէր կարող հասարակությանը ասել, թե եկեք հանձնենք, երբ այդ վատ վիճակը մարդկանց համար տեսանելի չէր։ Ուստի պետք էր գնալ պատերազմի, վիճակն այնքան վատացներ, որ հասարակությունը հասկանար, որ կարող էր ավելի վատ լինել, ու ըմբռնումով մոտենար Արցախի հարցում այս նոր կարգավիճակին։ Եթե մի իշխանություն ձևավորվել է հանրային հսկայական աջակցության պարագայում, եթե այդ նույն հանրությունն անգամ չտեսնելով որևէ դրական փոփոխություն երկրում, հեղափոխությունից 6 ամիս անց կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ դարձյալ այդ իշխանություններին տվեց այդքան մեծ վստահության քվե, որ անգամ սահմանադրական օրենքներ ընդունելու ու այդ օրենքներում փոփոխություններ կատարելու չափ մանդատներ ունենային խորհրդարանում, այլ կերպ ասած՝ սահմանդրական մեծամասնություն, հանրությունն էլ ինչքա՞ն պետք է վստահեր Փաշինյանին, որ նա անկեղծ ասեր իրերի իրական վիճակը, որ իրեն հավատային, վստահեին, ու դրա համար հարկավոր չլիներ հազարավոր զոհեր, վիրավորներ, ավերածություններ ու տարածքային աններելի կորուստներ։ Ինչպե՞ս կարող ես վստահել մի վարչապետի, որն ունի մեկ արդարացում՝ կարող էր լինել ավելի վատ։ Ի դեպ, նույն բանը կրկնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Պետրոս Ղազարյանի հաղորդման ժամանակ։
Ի դեպ, ժամանակին մի վարչապետ ունեինք, որ երբ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ Հայաստանն արձանագրեց 14,1 տոկոս տնտեսական անկում, հենց այդպես էլ բացատրեց, թե՝ ով է ասել, որ վատ ենք աշխատում, եթե վատ աշխատեինք վիճակը կարող էր լինել ավելի վատ։ Բայց երբ այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը հետագայում համոզվեց, որ դա մի էպիզոդ չէր, այլ՝ գործելաոճ, պաշտոնանկ արեց այդ վարչապետին։ Ի դեպ, այն ժամանակվա ընդդիմությունն էլ էր պահանջում այդ վարչապետի հրաժարականը, ու անգամ այդ պարագայում, Սերժ Սարգսյանը չխորշեց պաշտոնանկ անել, չմտածելով, որ դրանով ընդդիմությունը կազդարարեր իր հաղթանակն ու իշխանության թուլությունը, ու կջանար ավելիին հասնել իր պահանջներով։ Որովհետև, եթե կառավարության ղեկավարը լավը ավելի լավը դարձնելու ունակ չէ, այլ միայն կարող է վիճակը վատացնել ու արդարանալ, որ կարող էր ավելի վատ լինել, դա մեզ առաջընթացի չի տանի։ Իսկ դա այն Սերժ Սարգսյանն էր, ում այս հեղափոխական իշխանությունները մերժեցին։ Թողնենք, թե որքանով էր դա օբյեկտիվ, իսկ որքանով քաղտեխնոլոգիայի արդյունք, դա այլ թեմա է, ու այսօր Սերժ Սարգսյանի հարցը չենք քննարկում, պարզապես սա նշում ենք, որ անգամ հեղափոխականների կողմից մերժվածն էր մերժել այդ պարտվողական գործելաճը, իսկ հեղափոխականները դա ներառել են իրենց զինանոցում։ Այ դեպքում ինչպե՞ս ենք շեշտակի առաջընթաց արձանագրելու, որ Ադրբեջանին հաղթենք։
Ուստի հանուն Հայաստանի ու Արցախի, հանուն համայն հայության Փաշինյանն իր թիմով պետք է օր առաջ հեռանա ու անպայման անցնցում, քանի որ դա էլ մեզ հետ կշպրտի, իսկ մեզ համար ամեն օրը հաշված է։ Հինգ տարի հետո կամ մենք իրավիճակ կփոխենք հօգուտ մեզ, կամ կհամոզվենք, որ արդեն Արցախում հայրենակից չունենք, որպեսզի ռուս խաղաղապահների մանդատը նորից երկարացնենք։