«Ձեր կողքին եմ այս դժվարին պահերին». New England Patriots բոստոնյան ակումբի գլխավոր մարզիչն աջակցություն է հայտնել հայ ժողովրդին (Video)


21:59 , 1 նոյեմբեր, 2020

Ամերիկյան ֆուտբոլի New England Patriots բոստոնյան ակումբի գլխավոր մարզիչ Բիլ Բելիչիկն աջակցություն է հայտնել Հայաստանին և աշխարհասփյուռ հայությանը: Նրա մասնակցությամբ տեսանյութը հրապարակել է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը:

«Ուզում եմ իմանաք, որ ձեր կողքին եմ այս դժվարին պահերին: Ես ծանոթ եմ Հայաստանի պատմությանը: Անկախ նրանց հետ պատահած դժբախտությունից՝ հայերը շարունակում են բարգավաճել: Աղոթում եմ հանուն խաղաղության, արդարության և խիզախ զինվորների անվտանգության համար, որոնք պայքարում են հանուն իրենց երկրի ճանաչման և ազատության»,- ասել է Բելիչիկն իր տեսաուղերձում:

Մարզիչի հրապարակած տեսանյութում նշվում է նաև, որ «մեկ ամիս շարունակ հայերն Արցախի Հանրապետությունում հրթիռների և անօդաչուների կատաղի հարձակման են ենթարկվել Ադրբեջանի կողմից»: