Գիշերը հրետակոծվել են Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը. Արցախի ԱԻՊԾ


10:10 , 1 նոյեմբեր, 2020

Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերն անհանգիստ է եղել Արցախի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում։ Քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա։ Ռմբակոծության հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը:

Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը վերսկսվել է նաև լուսաբացին։

Գիշերը հրետակոծվել է Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Գրադ և սմերչ կայանքներից թշնամին կրակ է բացել  Ավետարանոց և Սզնեք համայնքների ուղղությամբ։

Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չեն եղել։ Նյութական վնասների չափը ճշտվում է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է ավելի քան 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120-ից ավելի քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։