Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. թիրախում դարձյալ քաղաքացիական ենթակառուցվածքներն են (Photo)


09:59 , 31 հոկտեմբեր, 2020

Երեկ` հոկտեմբերի 30-ին, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից և կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված համաձայնությունների անվերապահ կատարման պայմանավորվածությունից շատ չանցած` Արցախի մայրաքաղաքը կրկին արթնանում է թշնամու արձակած հրթիռների ձայներից:

Առավոտյան ժամը 7:08-ին քաղաքում լսվել են պայթյունի ձայներ: Նույն վայրկյանին միացել է օդային տագնապի ազդանշանը:

Այս անգամ Ստեփանակերտի կենտրոնական շուկան է ադրբեջանական ուժերի թիրախում: Ավերվել է հանրային նշանակության ենթակառուցվածքի մի մասը, նյութական մեծ վնաս պատճառել խաղաղ բնակչությանը:

Հաջորդ պայթյունից ավերվել է բնակելի տուն՝ ամբողջ գույքով: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները:

Նախնական տվյալներով տուժածներ չկան:

Նշենք, որ հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերն, ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում և շրջաններում պահպանվել էր հարաբերական հանգիստ իրավիճակը: