Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պարտադրելու Ադրբեջանին խաղաղություն. ՀՀ ԱԳՆ


11:02 , 18 հոկտեմբեր, 2020

Ադրբեջանը արդեն երկրորդ անգամ է խախտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի անձնական միջամտությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը կրակի դադարեցման վերաբերյալ՝ այդպիսով միջազգային հանրությանը ի ցույց դնելով իր ուխտադրուժ էությունը, որի հետ մենք գործ ունենք արդեն տասնամյակներ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական զինադադարը, եւ հոկտեմբերի 18-ին ժամը 07:20-ին հրետանային ակտիվ կրակից հետո բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ:

Ադրբեջանը արդեն երկրորդ անգամ է խախտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի անձնական միջամտությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը կրակի դադարեցման վերաբերյալ՝ այդպիսով միջազգային հանրությանը ի ցույց դնելով իր ուխտադրուժ էությունը, որի հետ մենք գործ ունենք արդեն տասնամյակներ:

Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները պարտադրելու Ադրբեջանին խաղաղության եւ հաստատելու կրակի դադարեցման ռեժիմ՝  տեղում այդ ռեժիմի պահպանման եւ ստուգման հստակ եւ գործուն մեխանիզմների ներդրման հետ մեկտեղ»։