Որքան փամփուշտ արժե դիմակ չկրելը․ «Առավոտ»


10:37 , 16 հոկտեմբեր, 2020

«Առավոտ» թերթը գրում է. «Կորոնավիրուսով վարակվածների երեկվա թիվը հասել է 1371-ի: Դա, որքան հասկանում եմ, ռեկորդ է թե՛ բացարձակ թվերի եւ թե՛ թեսթավորվածների ու վարակվածների հարաբերակցության առումով: Եթե հիմա պատերազմ չլիներ, ապա այդ թիվը լուրջ տագնապի եւ բազմաթիվ քննարկումների առարկա կդառնար: Բայց ինձ թվում է՝ վարակի տարածումը հատկապես պետք է մտահոգի պատերազմի ժամանակ: Թե ինչու՝ դրա մասին բազմիցս խոսվել է: Առողջապահական համակարգն առանց այդ էլ լարված է պատերազմի պատճառով, եւ քանի դեռ մարտական գործողությունները շարունակվում են, ցավոք սրտի, հնարավոր չի լինի խուսափել մեր զինվորների վիրավորումներից:

Բայց կորոնավիրուսով վարակվածների այս ահռելի թվից հնարավոր է խուսափել, եթե պահպանենք հիգիենայի կանոնները: Այնինչ այսօր փողոցում մեր քաղաքացիների մեծամասնությունը կա՛մ դիմակը կախում է վզից, կա՛մ ընդհանրապես չի դնում: Եվ վստահ եմ՝ այդ մարդիկ խոսում են համերաշխությունից եւ միասնությունից: Բայց իրականում նրանք համերաշխ չեն մեր զինվորների հետ, քանի իրենց անպատասխանատվության պատճառով բժիշկները, դեղորայքը, սարքավորումներն աշխատում են «երկու ճակատով»:

Այո,  հիմա փողոցներում ոստիկանները քիչ են, որովհետեւ ոստիկանական համազգեստով մեր երիտասարդները նույնպես գնացել են ռազմաճակատ: Դիմակ չկրողները համերաշխ չեն նաեւ այդ երիտասարդների հետ:

Արեւմուտքում ամեն ինչ ընդունված է գնահատել քանակական չափանիշներով, եւ դա սխալ է այն առումով, որ մարդու կյանքն ու առողջությունն անգին են: Սակայն գին ունեն փամփուշտները, հրթիռները, արկերը, ինչպես նաեւ դեղահաբերը, վիրակապերը եւ հիվանդանոցների մահճակալները: Այդպիսով, թվերը համադրելով, կարելի է հստակ հավասարում ստանալ, թե որքան փամփուշտ կամ արկ արժե դիմակը չկրելը: Դա ոչ թե փոխաբերություն է, այլ անպատասխանատու վարքի միանգամայն հաշվառելի հետեւանք:

Ավելին՝ ես կարծում եմ, որ կարելի է հաշվառել նաեւ անպատասխանատու արտահայտությունների վտանգը: Օրինակ, Ալիեւը կուտ է տալիս մեր հասարակությանը՝ «Հայաստանի նախկին իշխանությունների հետ այսպես էր, ներկաների հետ՝ այնպես», որպեսզի մենք դրա շուրջ բանավեճ ծավալենք: Խնդրում եմ ուշադրություն դարձնել՝ քննարկում ենք խոսքերն այն մարդու, որը մեզ վրա կրակում է եւ սպանում է մեր զավակներին:

Ես կարծում եմ, որ ամեն մի բառ, որը պատերազմի հանգամանքն օգտագործում է «նախկինների» կամ «ներկաների» դեմ, մի կրակոց է մեր զինվորների ուղղությամբ՝ անկախ նրանից, թե որ մակարդակում է դա արվում: Ինձ համար կա մեկ Հայաստան, որը գոյություն ունի առնվազն 2,5 հազար տարի եւ տվյալ պահի իշխանություն, որի  ղեկավարությամբ պետք է եւս մեկ անգամ հաղթենք պատերազմում: Մնացած «քաղաքական» խոսակցությունները միայն խանգարում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում