Արցախը՝ աշխարհաքաղաքական նոր իրողությունների պատճառ


10:22 , 14 հոկտեմբեր, 2020

Ընթացող պատերազմն իր հետ բերում է նոր իրողություններ, որից կախված՝ ձևավորվում են նոր տեսակի հարաբերություններ տարբեր երկրների միջև։

Համաշխարհային էլիտան ադեկվատ կերպով արձանագրեց և դատապարտեց ահաբեկիչների ներգրավումը պատերազմական գործողություններին՝ որակելով այն որպես տարածաշրջանային սպառնալիք։

Իրողություններն այսպիսի գնահատականի արժանացան ոչ միայն տարածաշրջանում հետաքրքրությունների լայն շրջանակ ունեցող Ռուսաստանի և Իրանի, այլ նաև Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից։

Արաբական որոշ երկրներ դատապարտեցին Թուրքիայի վարած ագրեսիվ քաղաքականությունը և տարածաշրջանային ապակայունացման փորձերը։

ՌԴ-ն իր ակտիվ ներգրավվածությամբ չեզոքացրեց Թուրքիայի հույսերը՝ հակամարտության կարգավորմանն ակտիվ կերպով մասնակցելու։

Պատերազմն ի ցույց դրեց տարածաշրջանում համընդհանուր շահ հետապնդող երկրների ցանկը և հաղթական ավարտի դեպքում կհանգեցնի նոր իրողությունների և միջպետական հարաբերությունների։

Այդքան սպասված հաղթանակից հետո ՌԴ-Հայաստան-Իրան հարաբերությունները կտեղափոխվեն նոր մակարդակի վրա՝ մանավանդ թուրքական ապրանքների էմբարգոյից հետո։

Թուրքիան արդեն ակնհայտորեն ցուցադրում է իր նվաճողական նկրտումները և արժանանում դատապարտման բազմաթիվ երկրների կողմից՝ որպես տարածաշրջանային ագրեսիայի հրահրող։

Ցանկալի հաղթանակը կհանգեցնի տարածաշրջանային հարաբերությունների նոր որակի և խաղաղության պահպանման գաղափարի շուրջ էլ ավելի կջերմացնի կայունության կողմնակից երկրների հարաբերությունները։

Հ.Գ. Պատերազմի ավարտից հետո անմիջապես պետք է մերկացվեն ագրեսոր պետությունների իրական ցանկությունները։

Աշխարհը պետք է քաջ գիտակցի, որ Թուրքիայի որդեգրած ագրեսիվ քաղաքականությունն օրերից մի օր կարող է մոտենալ իրենց սահմաններին և իրական վտանգ դառնալ համաշխարհային անվտանգությանն ու խաղաղությանը։