13:35 , 30 հուլիս, 2013
Վահան Մամիկոնյանը (440-ական թթ.-ին - մահվան թվականն անհայտ) հայ պետական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական գործիչ է, 451 թ.-ին Ավարայրի ճակատամարտում զոհված Հմայակ Մամիկոնյանի (Վարդան Մամիկոնյանի եղբայրը) և Ձվիկ իշխանուհու (Արծրունյաց տոհմից) ավագ որդին: Ավարայրի ճակատամարտից հետո եղբայրների՝ Վասակի, Արտաշեսի հետ պատանդ է տարվում Պարսկաստան: 455թ.-ին Գուգարքի բդեշխ Աշուշան ազատել է եղբայրներին պատանդությունից և իր տանը ստանձնել է նրանց դաստիարակության գործը: Ավագության իրավունքով Վահան Մամիկոնյանը դարձել է Մամիկոնյան տան նահապետ: 470-ական թվականներին սկսված ազգային-ազատագրական շարժումներն ակտիվացել են կապված Հայոց կաթողիկոս Գյուտ Ա Արահեզացու և Վահան Մամիկոնյանի հայրենասիրական գործունեության հետ: Շուտով Վրաց թագավոր Վախթանգ Ա Գորգասալը ապստամբել է պարսիկների դեմ և ստեղծված նպաստավոր իրավիճակում Շիրակում կայացած գաղտնի խորհրդաժողովում հայերը ևս պարզել են ապստամբության դրոշ՝ մարզպան ընտրելով Սահակ Բագրատունուն և սպարապետ՝ Վահան Մամիկոնյանին: Հայկական զորքերը գրավել են Արտաշատը, իսկ պարսիկ մարզպան Ատրվշնապսը հեռացել է Ատրպատական: 482 թ.-ին հայկական զորամիավորումները պարսիկներին հաղթել են Ակոռիի և Ներսեհապատի ճակատամարտերում, սակայն վրացիներին օգնելու նպատակով Կուր գետի ափին, Ճարմանայի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում պարտվել են: Զոհվել են Սահակ Բագրատունին, Վասակ Մամիկոնյանը: Վահան Մամիկոնյանն այնուհետև վարել է հիմնականում պարտիզանական հյուծիչ պատերազմ և զրկել է պարսիկներին հաղթելու հնարավորությունից: 484 թ.-ին հեփթաղների դեմ կռվում Պարսից արքա Պերոզը զոհվել է և նոր արքան՝ Վաղարշը սկսված գահակալական կռիվներում ունենալով Հայկական այրուձիու կարիքը՝ վճռել է Վահան Մամիկոնյանի հետ բանակցությունների միջոցով լուծել խաղաղության խնդիրը: Սահմանամերձ Հեր գավառի Նվարսակ գյուղում հանդիպել են Վահան Մամիկոնյանը և Պարսից արքունիքի դեսպան Նիխոր Վշնասպդատը: Վահան Մամիկոնյանը ներկայացրել է պայմանագրի իր պահանջները, դրանք ընդունվել են և ստորագրվել է Նվարսակի պայմանագիրը: Պարսից արքունիքը Վահան Մամիկոնյանին ճանաչել է Հայոց սպարապետ: 487 թ.-ին Վահան Մամիկոնյանը մեկնել է Տիզբոն և վերադարձել Հայոց մարզպանի կարգավիճակով: Նվարսակի պայմանագիրը մոտ 60 տարի առաջ պետականությունը կորցրած հայ ժողովրդի համար քաղաքական մեծ նվաճում էր: Պայմանագրով հաստատվել է Հայաստանի հոգևոր-մշակութային անկախությունը և վարչա-քաղաքական ներքին ինքնավարությունը, ապահովվել է հավատի լիակատար ազատությունը: Վահան Մամիկոնյանը ձեռնամուխ է եղել երկրի բարեկարգմանը: Վերանորոգել է Էջմիածնի Մայր տաճարը, աքսորից վերադարձրել է Ղազար Փարպեցուն: Վերջինս Վահան Մամիկոնյանի պատվերով գրել է «Հայոց Պատմություն» կոթողային աշխատությունը: