Զգուշացնում ենք՝ ոչ մի գնդակ չպետք է արձակվի մեր սահմանների ուղղությամբ. Իրանի սահմանապահ ուժերի հրամանատարի տեղակալ


00:45 , 29 սեպտեմբեր, 2020

Armtimes.com-ը գրում է․

Իրանի սահմանապահ ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Ղասեմ Ռեզային Հայաստանին եւԱդրբեջանին նախազգուշացրել է խուսափել Իրանի սահմանամերձ շրջաններում սխալ նշանառությունից:

«Զգուշացնում ենք, որ ոչ մի գնդակ չպետք է արձակվի մեր սահմանների ուղղությամբ: Սխալմամբ երկու ական է ընկել մեր սահմանների մոտակայքում, եւ մենք տեղեկացրել ենք նրանց, հուսով ենք, որ հանգստություն կհաստատվի»,- «Ֆարս» գործակալության փոխանցմամբ՝ ասել է գեներալ Ռեզային:

Միեւնույն ժամանակ իրանցի պաշտոնյան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Վերջինս հավելել է, որ համապատասխան ծանուցում է ուղարկել երկու երկրների սահմանապահներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանից արձակված ականներն ընկել էին իրանական սահմանամերձ գյուղերից մեկում: