Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժվող երեխաների ծնողների բողոքի ակցիան (Video)


16:07 , 16 սեպտեմբեր, 2020

Hetq.am-ը գրում է.

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացող երեխաների ծնողները Կառավարության շենքի առջև այսօր՝ սեպտեմբերի 16-ին, բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք պահանջում են, որ Առողջապահության նախարարությունը վերանայի այն որոշումը, ըստ որի՝ հոկտեմբերի 1-ից Սամվել Դանիելյանը պետք է ազատվի պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնից:

Ծնողները կենտրոնի տնօրենի պաշտոնից հեռանալու մասին իմացել են երեկ՝ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի ֆեյսբուքյան գրառումից: Վերջինս հայտնել էր, որ պատրաստվում է դուրս գալ աշխատանքից։ Թամամյանը նշել էր, որ իր հեռանալը կապված է Սամվել Դանիելյանի աշխատանքից ազատման հետ։

Ծնողները խուճապի մեջ են, ըստ նրանց՝ Թամամյանի ու Դանիելյանի աշխատանքից ազատվելուց հետո՝ հոկտեմբերի 1-ից աշխատանքի ազատման դիմումներ են ներկայացնելու նաև կենտրոնի մյուս բժիշկները։

«Մեր երեխաների հետ ի՞նչ է լինելու, ո՞վ կասի մեզ: Հայաստանում մանկական քաղցկեղով զբաղվող միակ մասնագետները նրանք են, եթե նրանք աշխատանքից դուրս գան, ու մեր երեխաների բուժումը կիսատ մնա, ո՞վ է պատասխան տալու դրա համար»,- ասում է Մարգարիտա Ոսկանյանը, որի երեխան բուժվում է կենտրոնում։