Եթե այս նախագծի հիմքում դրվում է այն միտքը, որ երբ մեկը խուսափել է ծառայությունից, ապա մեկ ուրիշը վճարովի կարգով նրա տեղը ծառայել է, ապա ինչո՞ւ չի ազնվորեն ասվում դա


00:04 , 15 սեպտեմբեր, 2020
Անցյալ շաբաթ շրջանառության մեջ դրվեց օրենքի նոր նախագիծ, որով 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և քրեական հետախուզման մեջ են, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։
Այս խնդրի օպտիմալ լուծումը նախկին իշխանությունները չէին գտել։ Մի պարզ պատճառով, որ եթե հետախուզումները դադարեցնեին, ապա դրանով անհավասար պայմաններ կստեղծեին հայրենքի առաջ իրենց պարտքը բարեխղճորեն կատարածների հանդեպ։ Այդ իսկ պատճառով մի միջանկյալ լուծում էին գտել, ու ամեն տարի հետ էին գցում ու շանս տալիս՝ համապատասախան վճարի դիմաց ազատվեին քրեական պատասխանատվությունից։ Հեղափոխական իշխանությունը դաժան քննադատության ենթարկեց այդ որոշումը ու դադարեցրեց այն, խոստանալով՝ նոր ու վերջնական լուծում առաջարկել։ Բայց, ծանոթանալով առաջարկվող այս լուծմանը գալիս ենք արդեն ծանոթ եզրահանգման, որ սա առաջին դեպքը չէ, երբ նոր իշխանությունները մերժում են նախկինների այս կամ այն որոշումը, հետո նույնը շարունակում, կամ էլ մի քիչ կոսմետիկ փոփոխություն կատարում ու նորի տեղ փորձում անցկանցնել, իսկ սա հետևանք է հեղափոխական իշխանության փորձի պակասի ու պոպուլիզմի ավելցուկի։
Եթե այս նախագծի հիմքում դրվում է այն միտքը, որ երբ մեկը խուսափել է ծառայությունից, ապա մեկ ուրիշը վճարովի կարգով նրա տեղը ծառայել է, ապա ինչո՞ւ չի ազնվորեն ասվում դա։ Այդ դեպքում մեկը կարող է գնալ զինկոմիսարիատ 18 տարեկանում, վճարել համապատասխան գումարն ու նրա փոխարեն մեկ ուրիշը կծառայի։ Չէ՞ որ ընդհանուր առմամբ արդյունավետ կարող է լինել հենց պրոֆեսիոնալ բանակը, յուրաքանչյուրը կարող է լավ մարզվել, նաև համապատասխան գիտելիք ձեռք բերել տարիների ընթացքում ու այդ կարգի պրոֆեսիոնալ զինվորը համարժեք է իր արդյունավետությամբ մի քանի ժամկետային զինծառայողների միասին վերցրած։ Եթե կասեք, թե մեր պետությունն այդքան հարուստ չէ, որ բոլորն անցեն պայմանագրային ծառայության, հապա ինչո՞ւ ենք հիմա հրաժարվում 18 տարեկան նորակոչիկից ստանալ համապատասխան գումարը ու նրա փոխարեն ծառայի պայմանագրային փորձառու զինծառայողը։ Ավելին․ պայմանագրային զինծառայողն ունենում է կայուն աշխատանք, նորմալ աշխատավարձ, նա ընտանիք է կազմում ու, եթե ծառայում է սահմանին, ապա նրա ընտանիքն էլ է գտնվում սահմանին՝ զորանոցում կամ մոտակա բնակավայրում։ Ու թշնամին էլ է իմանում այդ մասին, որ երբ հարձակվում է մեր զինվորի վրա, որի թիկունքում հայրենիքն է, հայրեակիցները, բայց առաջին հերթին իր ընտանիքը, ու եթե նրանց մի վտանգ սպառնա, ապա մեր պրոֆեսիոնալ զինվորը մտնելու է թշնամու տարածք, ինչը հղի է խիստ կանխատեսելի հետևանքներով։ Ու սա էլ է զսպող գործոն մեր արկածախնդիր, բայց և վախկոտ թշնամու համար։
Բայց պրոֆեսիոնալ բանակ չեն ստեղծում, քանի որ բյուջեի գումարներն ավելի կարևոր տեղեր են ծախսում՝ իրենց վրա, նորակոչիկից գումար չեն վերցնում, զուգահեռաբար ասում են, թե բանակից փախիր, մի 10 տարի դրսերում դեգերիր, նոր միայն վճարիր գումարն ու վերադարձիր հայրենիք։ Ո՞րն է տրամաբանությունը։ Մենք չգիտենք չէ՞, բայց ենթադրում ենք, թե ինչ անհարմարություններ են ունենում մեր քաղաքացիները դրսում, երբ նրանք հետախուզման մեջ են, ինչպես են նորմալ աշխատանք գտնում, երբ շատերի անձնագրերի վավերականության ժամկետներն այդ ընթացքում ավարտվում են։ Նրան չեն կարողացել տուն գալ, իրենց հիվանդ ծնողներին խնամել, մահացածներին վերջին հրաժեշտը տալ, պատկերացնո՞ւմ եք նրանց հոգեվիճակը։ Խոսքը գնում է ավելի քան տաս հազար հետախուզվողների մասին ու այդ թիվը տարեց տարի աճում է, հիմա այդքանից քանի՞սն են ցանկություն հայտնելու վճարել հինգից հինգուկես միլիոն դրամ, որպեսզի դադարեցվի նրանց հանդեպ քրեական հետապնդումը։ Իսկ եթե պարզվի, որ շատ քիչ մարդ է համաձայնվել դրան, կնշանակի դարձյալ հարցը չի լուծվելու ու վիճակն ավելի է վատանալու, քանի որ այդ նախագծով առաջարկվում է հետախուզման երթակա տարիքը 37-ից բարձրացնել 47-ի։ Իսկ եթե անբնական ձևով շատերը ցանկանան պայմանագրային կարգով ծառայել մեր բանակում, դա մեզ չպե՞տք է մտահոգի։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախագծի համահեղինակ Մխիթար Հայրապետյանն իր լրացուցիչ պարզաբանման մեջ նշեց, որ դրա խոչնդոտը միայն առողջական վիճակն է։ Իսկ մենք գիտենք չէ՞, թե դրսում որքան երիտասարդ ՀՀ քաղաքացիներ ունենք, որոնք գայթակղվելով կապիտալի աշխարհի հրաշքով, գնացել ու իրենց տեղը չեն գտել կյանքում, ու հիմա բանտերում են։ Հո չե՞նք կարծում, որ բոլորն են բռնաված, գիտենք չէ՞ նաև, որ հայրենակիցներ ունենք, որ ներգրավված են տարբեր հանցավոր խմբավորումների մեջ, ու փայլուն մարզավիճակում են։ Եթե նրանց փոխարեն գումարը դրսից վճարեն ու այդ երիտասարդներին ներդնեն հայոց բանակ, պատերազմող երկրի բանակ, մենք դա ինչպե՞ս ենք ստուգելու։
Մեր երկրում աշխատանք գտնելը շատ դժվար է, մանավանդ պանդեմիայի պատճառով տնտեսական ճգնաժամի հետևանքով, ու այս պարագայում պայմանագրային ծառայողների այդքան պակաս տեղ ունենք, որ մեր բանակի դռները ցանկացածի առաջ բացո՞ւմ ենք, միայն թե վճարի։
Հեղափոխությունից հետո իշխանությունները «էստի համեցեք» էին անում, վառ գույներով նկարագրում մեր երկրի վիճակը, բայց մարդիկ չեկան, անգամ այժմ համաձայն են քրիստոնյա արաբեներին բերել, բայց դա էլ չի ստացվելու, անցել են բարձր աշխատավարձով կասկածելի ծագման սփյուռքահայերի բերել մեր պետական կառավարման համակարգում գործի ընդունել, միայն, թե եկող լինի, սրա ֆոնին դեռ հույս ունենք, որ մեծ թվով մարդիկ մեծ գումար են վճարելու, որպեսզի գան մեզ մոտ ապրեն ու աշխատե՞ն։ Մեր հեղափոխական իշխանությունը ոչ միայն բարենպաստ վիճակ չի ստեղծել՝ մեր երկրում ապրելու ու արարելու, ընդհակառակը, այնպիսի մթնոլորտ է ստեղծել երկրում, որ շատերն անհամբեր սպասում են, թե երբ պիտի բացվեն սահմանները, որպեսզի գնան այստեղից։
Ոչ միայն որակական փոփոխություն չունենք երկրում ընդհանրապես, այլևր բանակում մասնավորապես։ Ի՞նչ է․ բանակում ծառայելն արդեն պատվաբե՞ր է դարձել, կամ էլ պետության կողմից խրախուսվո՞ւմ է, որ հետագայում պետական ծառայության անցնելիս նախապատվություն կտրվի նրանց, այն դեպքում, երբ իրենք սահմանն էին պահում, իսկ նոր իշխանության դասալիքները պետական իշխանության մեջ իրենց ու իրենց հարազատների սահմաններն ընդլայնեցին, նրանք ինչպե՞ս ու ինչո՞ւ են խրախուսեն բանակում ծառայելը։
Ուստի դեռ շատ հարցեր պիտի ծանրութեթև արվեն, մինչ այս օրենքի ընդունումը։