Հայտնի է, թե երբ է տեղի ունենալու iPhone 12-ի և Apple-ի մյուս նորույթների շնորհանդեսը


13:27 , 9 սեպտեմբեր, 2020

Ամերիկյան Apple ընկերությունը քիչ առաջ հայտարարել է, որ իր ամենամյա շնորհանդեսն այս տարի կանցկացվի առցանց ռեժիմով սեպտեմբերի 15-ին, երբ ամենայն հավանականությամբ կներկայացվեն iPhone 12 սմարթֆոնն ու այլ նորույթներ:

Ինչպես հաղորդում է Business Insider-ը, ընկերությունը մանրամասն տեղեկություն չի տրամադրել գալիք միջոցառման մասին: Հայտնի է միայն, որ այն մեկնարկելու է տեղի ժամանակով առավոտյան 10-ին (Երևանի ժամանակով՝ 21:00-ին): Շնորհանդեսը տեղի կունենա Կուպերտինոյի Apple Park կենտրոնակայանում:

Ակնկալվում է, որ iPhone 12-ը կդառնա ամերիկյան տեխնոլոգիական հսկայի առաջին սմարթֆոնը, որը կաշխատի 5G կապի ապահովմամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նոր սերնդի iPhone-ը կներկայանա 4 տարբերակով՝ երկու մոդելը կհաջորդեն iPhone 11-ին և երկուսը կփոխարինեն iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max մոդելներին: