Էս մի պարգեւատրումն էլ Լենա Նազարյանի կողմից. Ահա թե ինչպես են պատգամավորները 1 տարվա ընթացքում ստացել 580 մլն պարգեւավճար


16:14 , 30 հուլիս, 2020

Aravot.am-ը գրում է․

Միայն 2019-ի հուլիսի 13-ին ԱԺ նախագահը պարգեւատրման մասին 7 կարգադրություն է արձակել՝ մի անգամ 30%-ով, մյուս անգամ 90%-ով պարգեւատրելով պատգամավորներին:

«Առավոտը» ԱԺ աշխատակազմին հարցում էր արել՝ պարզելու, թե 2019-ի փետրվարից մինչեւ 2020-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում 580 մլն դրամ պարգեւավճարն ինչպես է բաշխվել պատգամավորների միջեւ որքա՞ն գումարի պարգեւավճար է ստացել պատգամավորներից յուրաքանչյուրը:

ԱԺ-ից մերժել են տրամադրել այդ տեղեկությունը՝ նշելով, թե այդ տեղեկության տրամադրումը ենթակա է քննարկման անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից:

Ըստ ԱԺ աշխատակազմի պաշտոնական պատասխանի, «պատգամավորի վարձատրության մասին տեղեկությունը համարվում է մասնագիտական գործունեության բաղադրատարր, եւ դրան վերաբերող տեղեկությունները եւս գտնվում են մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի սկզբունքի պաշտպանության ներքո»:

Պատգամավորների տարեկան հայտարարագրում առանձին տողով նշվում է աշխատավարձից ստացված եկամտի չափը ու եթե այդ գումարից հանենք ֆիքսված դրույքաչափը, ինչ թիվ մնաց տակը՝ պարզ է, որ պարգեւավճարն է:

Այսինքն, պարգեւավճարի գաղտնիությունը պարկի մեջ մտած մախաթի պես է, ոնց էլ անես՝ մի տեղ կերեւա: