Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանը չի ցանկանում հարձակվել Հայաստանի վրա


14:56 , 19 հուլիս, 2020

Politik.am-ը գրում է․

Մինսկում Հայաստանի վարչապետ Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ կատարեց նաև հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին և ռազմական բախումներին։

Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը արեց հայտարարություն, որը շատերի ուշադրությունից դուրս մնաց, բայց հանդիպման մեխը հենց դա կարելի էր համարել․«Եվ այնպես ստացվեց, որ մեր հանդիպումը համընկնում է հայ-ադրբեջանական սահմանում լարվածության աճի հետ: Ես հույս ունեմ` Դուք տեղեկացված եք, որ դեռևս հայտնի չէ ինչպես և ինչու, բայց ադրբեջանական զորքերը որոշել են գնդակոծել Հայաստանի սահմանը: Ես տեղեկություններ կփոխանցեմ Ձեզ այդ իրադարձության և ընթացիկ իրավիճակի մասին: Ցանկանում եմ ընդգծել, որ այդ իրադարձությունները տեղի են ունենում երրորդ կողմի հրահրման ֆոնին և դա դեռ պետք է հասկանալ ո՞վ, ինչո՞ւմ և ինչո՞ւ է հետաքրքրված: Կարծում եմ` սա նույնպես շատ կարևոր թեմա է և մենք այսօր կքննարկենք նաև այդ հարցը»,-հայտարարել էր վարչապետ Փաշինյանը։

Ստացվում է, որ Հայաստանի վարչապետը Մինսկում պնդել է, որ Ալիևը պատերազմ չի ուզում և իր բանակը չէր հարձակվի Հայաստանի սահմանների վրա, եթե չլիններ երրորդ կողմը։ Իհարկե հասկանալի է, որ «երրորդ կողմը» Փաշինյանի համար աշխարհի տարբեր մայրաքաղաքներում տարբեր են լինելու, բայց խնդիրն այստեղ դա չէ։

Նախ հիշենք, որ վարչապետ Փաշինյանը ադրբեջանական ագրեսիայի հաջորդ օրը կառավարության նիստում հայտարարեց, որ իր տպավորությամբ Ադրբեջանը մարտական գործողություններ է սկսել, որպսզի ադրբեջանցի մոլորված զինվորականների թողած «ՈՒազ» մակնիշի մեքենան հետ տանեն։ Սա շատերի մոտ քմծիծաղ առաջացրեց, բայց փորձագետների մոտ անհանգստության առիթ դարձավ, քանի որ ստացվում է, որ Հայաստանի վարչապետը արդարացումներ է գտնում Ադրբեջանի համար։

Մինսկի հայտարարությունն էլ այս տեսանկյունից պետք է նայել։ Փաշինյանի այս հայտարարությունից հետո աշխարհում թուլանալու է Ադրբեջանին ագրեսոր համարող պետություններ վերաբերմունքը, քանի որ Հայաստանի վարչապետը հայտարարում է, թե ինչ որ անտեսանելի երրորդ կողմ ստիպում է նրանց ռազմական ագրեսիա իրականացնել։

Այս հայտարարությունը կարելի էր անտեսել, եթե իհարկե այն Փաշինյանի փոխարեն որևէ կթվորուհի արած լիներ, իսկ այս պարագայում անհնար է անտեսել։ Հայաստանում քաղաքական ուժերը և հասարակական ակտիվ խմբերը պետք է փորձեն ուղիղ հարցնել և ստանալ պատասխան, թե ինչու՞ է վարչապետ Փաշինյանը թեթևացնում Ադրբեջանի բեռը։