Կրակոցների հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած 36 զինծառայողներից 20-ը հոսպիտալացվել և համապատասխան բուժօգնություն են ստացել, իսկ մյուս 16 զինծառայողներն ունեն թեթև վնասվածքներ. ՔԿ


01:46 , 17 հուլիս, 2020

ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողների առնչությամբ:

«Ի լրումն ՀՀ քննչական կոմիտեի կողմից տարածած հաղորդագրության՝ տեղեկացնում ենք, որ հայկական մարտական հենակետերի վրա կատարված հարձակումների, կրակոցների հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած 36 զինծառայողներից  20-ը հոսպիտալացվել և համապատասխան բուժօգնություն են ստացել, իսկ մյուս 16 զինծառայողներն ունեն թեթև վնասվածքներ՝ քերծվածքների ձևով, որը Քննչական կոմիտեի կողմից, համաձայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի  58-րդ հոդվածի 1-ին մասի (տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս: Տուժող է ճանաչվում նաև այն անձը, ում կարող էր անմիջականորեն պատճառվել բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս, եթե ավարտվեր քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարելը), գնահատվում է որպես մարմնական վնասվածք:

Հարկ ենք համարում ընդգծել, որ ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նույն դեպքերին տրվում են տարբեր գնահատականներ՝ հաշվի առնելով կառույցների գործառույթներն ու առանձնահատկությունները»,- նշվում է հաղորդագրությունում: