Ադրբեջանական 3-րդ, նույն ինքը՝ Շամխորի կորպուսի մասին


00:12 , 17 հուլիս, 2020

Քանի կարծես թե հարաբերական անդորր է (համենայն դեպս, հակառակի մասին տեղեկություններ չկան), մի քիչ ձեզ պատմեմ ադրբեջանական 3-րդ, նույն ինքը՝ Շամխորի կորպուսի մասին։

Չմանրանալով, թե ֆորմալ երբ է ձևավորվել 3-րդ կորպուսը, ասեմ, որ այն, փաստացի զբաղեցնելով ամենամեծ տարածքը, Ղարաբաղյան պատերազմի ամբողջ ընթացքում աչքի ընկավ միայն նրանով, որ գրավեց հայկական Արծվաշեն անկլավը։

Հա, մեկ էլ պարբերաբար կրակում էր հայկական սահմանամերձ գյուղերի վրա։ Ի դեպ, դրանով կորպուսը զբաղված էր նաև հետագա իր ողջ կյանքում։

Մի խոսքով՝ հասկացաք, որ մարտական փառքի մասով Շամխորի կորպուսում մի տեսակ հարուստ չեն։ Թեպետ դա էլ հարցական է, որովհետև մյուս կորպուսներում վիճակն էլ ավելի վատ է։

Բայց չի կարելի ասել, թե Շամխորը առհասարակ զուրկ է հռչակից։ Մարտական փառքի պակասը կոմպենսացնելու և զինվորականներին զբաղեցնելու համար Բաքվից կորպուսին կցեցին հանրահայտ պատգամավորուհի Գանիրա Փաշաևային։ Գործնականում Գանիրան զբաղեցրեց միայն մի զինվորականի՝ ներկայումս 2-րդ կորպուսում գեներալական ուսադիրներ ստացած Մաիս Բարխուդարովին, որն այն ժամանակ 812-րդ բրիգադի հրամանատարն էր։

Չար լեզուներն ասում են, որ Բարխուդարովը 812-ում Գանիրայի հետ անում էր այն նույն բաները, ինչ այսօր հայկական բանակն անում է այդ նույն 812-ի հետ։ INCH SIMVOLIK E, CHE?

Մի խոսքով՝ 3-րդ կորպուսը տենց հով լռված կորպուս է, սակայն չի կարելի կարծել, թե այն անվտանգ տեղ էր։

Նախ՝ տարիներ շարունակ կորպուսի հրամանատարը Ռովշան Ակպերովն էր, ինչն արդեն իսկ վտանգավոր էր դարձնում այնտեղ ծառայելը։ Ռովշանն ինքզինքը համարում էր Լենկ Թեմուրի ռեինկարնացիա, ու վերջինիս փառքի մասին երազելու նոպաների ժամանակ ենթակաները նախընտրում էին աչքին չերևալ։

Դա իբր քիչ էր, Ռովշանից հետո հրամանատար նշանակվեց Խագանի Ջեբրաիլովը, որին սիրասուն ենթակաները քնքշորեն անվանում են Իշակ Խագանի կամ ուղղակի Իշակ։

Ու ամենակարևորը՝ 3-րդ կորպուսում շատ անուշադիր են, ու գեներալներ կորցնելու խասյաթ ունեն։ Թվում է՝ կար գեներալը, մեկ էլ, հոպ, չկա։ Թե կարող ես, գտի։ Այդպես 2002թ․ կորպուսի միջդիրքային ճանապարհներից մեկում վերցրին ու կորցրին իրենց այն ժամանակվա հրամանատարին՝ գեներալ-մայոր Ֆիքրեթ Մամեդովին։ Գեներալի ուազիկը, վիձիծե լի, շուռ էր եկել։

Հիմա էլ, ահա, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովին կորցրին։ Ով գիտի, էլի ուազիկ էր քշում։

Հ․Գ․ Շարադրված բոլոր փաստերը իրականություն են, բայց հուսամ՝ շատ լուրջ չեք ընդունի։