Երբ ինչ-որ մեկը խոսում է Նիկոլ Փաշինյանի 85%-ոց վարկանիշի մասին, ապա ոչ թե Նիկոլին է բարձրացնում, այլ նսեմացնում է մեր հասարակությանը


17:23 , 3 հուլիս, 2020

Հարցվածների 85%-ը հավանություն է տալիս ՀՀ վարչապետի գործունեությանը։ Երբ ես նման վերնագիր եմ կարդում, նյութը կարդալու անհրաժեշտություն այլևս չեմ տեսնում․ մասնագիտական ինքնասիրությունս տրորված կհամարեմ, եթե իմ ժամանակից անգամ մի քանի րոպե տրամադրեմ ակնհայտ կեղծիք ընթերցելու համար։

Գամ խնդրի բովանդակությանը։

Նիկոլ Փաշինյանը հասարակության 85%-ի հավանությունը չուներ նույնիսկ հեղափոխության օրերին, որովհետև մեր հասարակությունը, բարեբախտաբար, միաշերտ չէ։ Փաշինյանը նման վարկանիշ չի ունեցել անգամ այն խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որն իշխանությունները համարում են իրենց հիմնական բրենդներից մեկը։

Բնականաբար, նման վարկանիշ չի կարող լինել այսօր, երբ Փաշինյանի իշխանավարման երկու տարիներին մարդկանց կյանքում բեկումնային փոփոխություններ չեն եղել, ու գոյություն ունի օբյեկտիվ դժգոհություն։ Էլ չեմ ասում այն մասին, որ գործող իշխանությունը, մեղմ ասած, տապալել է հակահամաճարակային քաղաքականությունը, ու հասարակության շատ խմբերի համար տեսանելի է դարձել նրա դիլենտանտիզմը։

Երբ օբյեկտիվ իրականության այս համատեքստում ինչ-որ մեկը խոսում է Նիկոլ Փաշինյանի 85%-ոց վարկանիշի մասին, ապա ոչ թե Նիկոլին է բարձրացնում, այլ նսեմացնում է մեր հասարակությանը, որին, փաստորեն, վերագրվում են հյուսիսկորեական հանրույթի արժեքներ։

Իսկ եթե նման էժան PR-ի հետևում իշխանությունն է, ապա Նիկոլը հասցրել է հրաժեշտ տալ իրականությանն ընդամենը երկու տարում, որովհետև իշխանության առաջին դեմքի համար մեծ դժվարություն չէ պարզել, որ իր վարկանիշը չի կարող գերազանցել 35-40%-ը։