ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ հետաքննելու են ֆրանսիական և թուրքական ռազմածովային նավերի միջև տեղի ունեցած միջադեպը


15:44 , 19 հունիս, 2020

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը հետաքննելու է Միջերկրական ծովում ֆրանսիական և թուրքական ռազմածովային նավերի միջև տեղի ունեցած միջադեպը, քանի որ երկու դաշնակիցները միմյանց մեղադրում են տարածաշրջանում իրենց գործողությունների համար:

Թուրքիան և Ֆրանսիան գտնվում են Լիբիայի հարցում հակառակորդ ճամբարներում, որտեղ վերջինս աջակցում է գեներալ Խալիֆա Հաֆթարի ուժերին, իսկ Թուրքիան սատարում է Ազգային համաձայնագրի կառավարությանը։

Հունիսի 18-ի CNNTürk-ին տված հարցազրույցում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մեղադրել է Ֆրանսիային՝ Լիբիայում քաղաքական միասնություն ապահովելու միջազգային ջանքերը խաթարելու հաշվին Հաֆթարին շարունակական աջակցելու համար:

Թուրքական և ֆրանսիական նավերի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Չավուշօղլուն ասել է․ «Նրանք փորձում են զննել այնտեղ գտնվող մեր նավերը, թե արդյոք մենք ինչ-որ բաներ ենք տեղակայում Լիբիա: Մենք այնտեղ նաև ռազմանավեր ունենք: Դուք կստանաք ձեր պատասխանը, եթե նման կերպ եք վերաբերվում ՆԱՏՕ-ի ձեր դաշնակցին»: