Քաղաքական կրկեսի վերածված հայրենիք


12:15 , 16 հունիս, 2020

Խորհրդարանում «դեժա վյու» է։ Այս ամենը մենք մեկ անգամ արդեն տեսել ենք։

2018թ.։ Երևան։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն է ներկայացնում պատգամավոր Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա դեմ քրեական հետապնդում իրականացնելու համար։

2020թ.։ Երևան։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն է ներկայացնում պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա դեմ քրեական հետապնդում իրականացնելու համար։

Երկու դեպքում էլ քաղաքական պատվեր է կատարել ու կատարում Դավթյանը։

Նիկոլի դեմ նախորդ իշխանությունն էր պատվեր իջեցրել, հետո ինչ–ինչ պատճառներով հետ վերցրեց պատվերը, և Դավթյանը դեմքի անմեղ արտահայտությամբ հետ կանգնեց միջնորդությունից։

Հիմա Դավթյանն արդեն գործում է Նիկոլի պատվերով ու դեմքի նույն արտահայտությամբ։

2018-ի ու 2020-ի տարբերությունն այն է, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու համար ֆորմալ իրավական հիմքերն առկա էին, իսկ ահա 2020-ին Ծառուկյանի մասով գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունը «ջուր» է։ Բայց, դե, մեզանում գլխավոր դատախազությունը վաղուց վերածվել է քաղաքական քամիների ուղղությունները գնահատող մարմնի, այլ ոչ թե արդարադատություն հաստատող կառույցի։