Փաշինյանը գիտակցում է, որ կորցրել է հասարակության լայն աջակցությունը ու ուժային կառույցների ղեկավարներ նշանակում է յուրայիններին


16:02 , 8 հունիս, 2020

Երեկվա սկանդալային խնջույքից հետո Արտակ Դավթյանը պետք է ազատվեր պաշտոնից, ու դա տեղի ունեցավ։ Ինչ վերաբերում է Արգիշտի Քյարամյանին՝ ԱԱԾ տնօրեն, իսկ Վահե Ղազարյանին՝ ոստիկանապետ նշանակելուն, ապա կադրային այս որոշումներն ունեն հստակ մոտիվացիա։ Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ կորցրել է հասարակության լայն աջակցությունն ու ուժային կառույցների ղեկավարներ նշանակում է յուրայիններին, որոնք ստեղծված իրավիճակում նոր հենարան ու սոցիալական բազա պետք է ապահովեն վարչապետի համար։ Սա նոր գործելաոճ չէ, հնուց մեզ ծանոթ սցենար է, այլ խնդիր է, թե ինչքանով կկարողանա Փաշինյանն իր վարկանիշային անկումը կոմպեսացնել ուժայինների աջակցությամբ։ Այս հարցում մեծ վստահություն չունեմ, որովհետև իրավական համակարգը քաղաքական նպատակներով կամ օրակարգով օգտագործելը միշտ բերում է իշխանության դիսկրիմինացիային՝ դրանից բխող հետևանքերով։

Օրինակ՝ Արգիշտի Քյարամյանի նշանակման պատմությունը ինձ հիշեցրեց Գեորգի Կուտոյանի՝ ԱԱԾ պետ դառնալը։ Մեծ հաշվով, Սերժ Սարգսյանը նույնպես սկսել էր չհավատալ համակարգին՝ այնտեղ տեղավորելով իրեն անվերապահորեն հավատարիմ ու պակաս խարիզմատիկ կադրի։ Բայց իրադարձությունների հետագա ընթացքը ցույց տվեց, որ նման էպատաժային նշանակումն ընդամենն արագացնում է իշխանության ճգնաժամը։ Իսկ Քյարամյանը, դատելով նրա հրապարակային հարցազրույցներից, մեղմ ասած, էպատաժային կերպար է նաև իր էությամբ։