Ցավում եմ, որ մեր հասարակության որակը սրընթաց գահավիժում է, եւ դրան նպաստում է երկրի թիվ մեկ դեմքը


13:39 , 5 հունիս, 2020

Ես վաղուց արդեն չեմ հետևում Նիկոլ Փաշինյանի էջին, քանի որ նրա հրապարակումները հաճախ բակի տաղավարային բամբասանք են հիշեցնում։ Բայց վերջին հրապարակումներից մեկը, որը ընկերներիս պատին նկատեցի, տրանսպորտում դիմակ չկրող երիտասարդ կնոջ լուսանկար էր՝ «Անթաքույց գեղեցկություն» վերտառությամբ։ Նախ՝ ո՞վ է թույլ տվել վարչապետին անհատական լուսանկարներ տեղադրել իր էջում, թիրախավորել, ծաղրել ու ծանակել կանանց ու աղջիկներին։ Իսկ տվյալ հրապարակման տակ ի հայտ եկած ակնհայտ վիրավորական ու անպատշաճ մեկնաբանություններն ընդհանրապես մարդու արժանապատվության ու անձնական կյանքի նկատմամբ լրջագույն ոտնձգություն է։

Մարդու իրավունքնրի վերաբերյալ նվազագույն գիտելիքներ ու զգայնություն ունենալը քաղաքական գործիչների ու հանրային դիրք զբաղեցնողների համար պարտադիր է, քանի որ նրանք որոշակի մթնոլորտ են ձևավորում երկրում։
Ցավում եմ, որ մեր հասարակության որակը սրընթաց գահավիժում է, և այդ գործընթացին ակտիվորեն նպաստում է երկրի թիվ մեկ դեմքը։