Արցախում կանխատեսելի նշանակումները տեղի ունեցան․ Մասիս Մայիլյանը մնաց ԱԳ նախարարի պաշտոնում, Սանվել Բաբայանը դարձավ ԱԽ քարտուղար


17:04 , 29 մայիս, 2020

Մեծ համաձայնություն՝ հարցականներով

Արցախում կանխատեսելի նշանակումները տեղի ունեցան․ Մասիս Մայիլյանը մնաց ԱԳ նախարարի պաշտոնում, Սամվել Բաբայանը դարձավ ԱԽ քարտուղար։

Արայիկ Հարությունյաը գնաց ազգային մեծ համաձայնության ճանապարհով՝ ձևավորվող կաբինետում ներառելով նախագահական ընտրություններում իր հիմնական մրցակցին ու խորհրդարանական երկրորդ ուժի լիդերին։ Արցախն առաջնագիծ է, ու ազգային համաձայնության այս մոդելն, անշուշտ, ողջունելի է։

Մյուս կողմից՝ ազգային համաձայնության բանաձևերը կարող են արդյունավետ լինել միայն ռացիոնալ ծրագրով, հակառակ պարագայում կարող են ձևախեղել քաղաքական համակարգը։ Օրինակ, եթե Արցախում կառավարման որակը շեշտակի չբարելավվի, ապա անուղղակիորեն հարվածի տակ է դրվելու ընտրական ինստիտուտի ֆունկցիոնալությունը այն իմաստով, որ դրա միջոցով, փաստորեն, չի գծվել իշխանության և ընդդիմության սահմանը։

Ակնհայտորեն Արայիկ Հարությունյանի՝ մի կողմից, մյուս կողմից՝ Սամվել Բաբայանի ու Մասիսի Մայիլյանի համար դժվար է լինելու իրենց կողմնակիցներին բացատրել, թե ինչի շուրջ է փաստացի կոալիցիան, եթե արդյունավետ ու որակյալ կառավարում չտեսնենք։ Մյուս կողմից՝ տեսանելիորեն արցախյան իշխանական այսօրվա ստատուս-քվոյի վրա չափազանց մեծ է Երևանի ազդեցությունը, ինչը նշանակում է, որ գործող համաձայնությունները ժամանակավոր են ու կարող են վերնայվել, եթե հայաստանյան քաղաքական դաշտում ստատուս-քվոն փոխվի։