Նախարարությունների օպտիմալացումից հետո հաստիքների թիվը ոչ թե նվազել, դեռ մի բան էլ աճել է


14:42 , 27 մայիս, 2020

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած օպտիմալացման շրջանակներում գիտեք, որ նախարարությունների թիվը դարձավ 12, այսինքն՝ 5-ով ավելի քիչ, քան նախկինում էր:

Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե քանի հոգի մարդ (հաստիք) կար ու ինչքան դարձավ: Իհարկե, ենթադրել եք, որ պետք է որ դրանց թիվը նվազեր, բայց արի ու տես, որ ոչ:

17 նախարարություններում (առանց ՊՆ-ի, սրա թիվը գաղտնի է) հաստիքների առավելագույն ընդհանուր թիվը կազմում էր 3626, իսկ «օպտիմալացում»-ից հետո (այսինքն՝ հիմա) 12 նախարարություններում առավելագույն հաստիքների ընդհանուր թիվը (կրկին առանց ՊՆ-ի) կազմում է 4242:

Կարող է հարց առաջանալ․ միգուցե նախարարության ենթակա մարմիններ են միացել նախարարություններին, դրա համա՞ր է թիվը մեծացել: Հնարավոր է, բայց ոչ այս դեպքում: Քանի որ նախքան օպտիմալացում կոչեցյալը նախարարության ենթակա մարմիններում հաստիքների առավելագույն ընդհանուր թիվը կազմում էր 7445, իսկ դրանից հետո, այսինքն՝ հիմա, այդ թիվը 7573 է:

Իսկ արդյո՞ք պետական կառավարման արդյունավետությունը բարձրացել է: Դատեք ինքներդ, պետական համակարգի կողմից ձեզ մատուցված ծառայությունների որակից և դրա վրա ծախսված գումարի չափից (աշխատողների թվի մասը արդեն պարզ է):

Հ.Գ. Այս ամեն ինչի համատեքստում ինձ այլ բան է նաև հետաքրքիր: Ո՞ւր են այն պատգամավորները, որոնք ասում էին՝ պետական համակարգի աշխատողների թիվը պետք է նվազի, և դիցաբանական ճառեր էին ասում նրանց այլ ոլորտներում տեղավորելու վերաբերյալ:

Մի բան կասեմ ձեզ, դուք դատարկախոսներ եք՝ ձեր թիմի ղեկավարից ոչ պակաս: