Առողջապահության նախարարն իր ՖԲ գրառմամբ մի քանի օրից սպասվող մահերի կտրուկ աճի անոնս արեց, իսկ վարչապետն իր լայվով շտապեց դրա պատասխանատվությունը «դուրս գրել» հպարտ քաղաքացիների վրա (նա երկար-բարակ խոսում էր դիմակներից)։
Ցավոք սրտի, իրականություն է դառնում մեր այն կանխատեսումը, որ Հայաստանը կորոնավիրուսային հարցում գնում է Իտալիայում արձանագրված սցենարով։ Ընդ որում, ավելի շուտ, քան կանխատեսվել էր։
Եթե սրան գումարում ենք սոցիալ-տնտեսական ոլորտում տիրող իրավիճակը և խորացող ճգնաժամը, ապա պատկերը ողբերգական է դառնում։
Սա՛ է պոպուլիզմի ու անգրագետ կառավարման գինը։ Բայց մենք դեռ շանս ու ժամանակ ունենք՝ նվազեցնելու մարդկային կորուստները և մեղմելու սոցիալական լարվածությունը։
Նոր կառավարության ձևավորումը դառնում է ազգային անվտանգության խնդիր։ Մենք կարևորում ենք նաև նոր կառավարության ձևավորման մեթոդաբանությունը։ Այն պետք է լինի հասարական–քաղաքական լայն համախմբման արդյունք, այլ ոչ թե պալատական խարդավանքների հետևանք։
Ազգային համաձայնության կառավարությունը հակաճգնաժամային ֆունկցիա պետք է ունենա։ Այդ կառավարության մանդատը պետք է ժամանակով ու գործողություններով սահմանափակված լինի։ Այդ մանդատը պետք է ներառի․
1․ Հակահամաճարակային արդյունավետ քաղաքականություն՝ Հայաստանը Իտալիայի սցենարից դուրս բերելու նպատակով,
2․ Սոցիալ-տնտեսական լարվածության թուլացում,
3․ Ատելության մթնոլորտի վերացում՝ հանրային համախմբման ու պետական ռեսուրսները դեպի մարտահրավերների հաղթահարմանն ուղղելու նպատակով,
4․ Խորհրդարանական ընտրությունների նախապատրաստում․ այդ ընտրությունները պետք է տեղի ունենան կորոնավիրուսային ճգնաժամի ավարտից հետո։
Ինչ վերաբերում արտաքին քաղաքական մանդատին, ապա այստեղ խնդիրը պետք է լինի Արցախի բանակցային գործընթացում բացասական զարգացումները կանգնեցնելն ու հայ-ռուսական հարաբերությունները վերականգնելը։ Ռազմավարական բնույթի հարցերն արդեն խորհրդարանական նոր ընտրություններից հետո ձևավորվելիք հետհակաճգնաժամային կառավարության ֆունկցիան են։