Գազի գինը կբարձրանա, Գարեգին Բաղրամյանը հաստատեց


17:40 , 21 մայիս, 2020

Tert.am-ի հարցմանն ի պատասխան` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը նշել է, որ «Գազպրոմ Արեմիայի» հայտը բավարարելը նշանակում է թանկացնել ընկերության պահանջած 28 դոլարով, ինչի մասին խոսքը չի գնում․ «Բարձրացնել, բայց թե որքան չեմ կարող ասել և չեմ կարող ասել, թե ինչ լուծում կառաջարկի կառավարությունը»,- ասել է Բաղրամյանը։

Ըստ էության, հասնում ենք գազի գնի շուրջ վերջին զարգացումների հանգուցալուծմանը։
Ի դեպ, ավելի վաղ արված կանխատեսումների շրջանակում։

Ինչի մասին է խոսքը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեռևս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ (հիշեցնեմ՝ Միլլերին հայտնի նամակն ուղղելուց հետո) գազի գնի հետ կապված որոշակի մեսիջներ հղեց՝ նշելով այն մասին, որ գազի գնի թանկացումը պետք չէ «դրամատիզացնել», որ իրականության մեջ առկա է 11%-ով թանկացման հավանականության «վատագույն սցենար» և վերջինը՝ Կառավարությունն ունի սակագնի թանկացումը կոմպենսացնելու գործիքակազմ։

Ըստ էության, այն ժամանակ արդեն կարելի էր կանխատեսել, որ սակագինը կթանկանա, գուցե կարողանան հասնել 11 տոկոսից պակաս թանկացման՝ խուսափել «վատագույն սցենարից»։
Գարեգին Բաղրամյանի մեկնաբանությունը, փաստացի, վերոնշյալ կանխատեսման հաստատումն է։

Արդյունքում արդեն գիտենք.

1․ Գազի գինը թանկանում է։

2․ «Գազպրոմի» հայտը կբավարարվի մասնակի, գազը կթանկանա 28 դոլարից պակաս։

3․ Կառավարությունից ակնկալվում է լուծում՝ «Գազպրոմի» հայտի չբավարարված հատվածի համար, այն է՝ հիմնավորումներ, փոխհատուցման մեխանիզմներ, տարատեսակ լուծումներ։

4․ Միմյանցից խիստ տարբեր հարցեր են Կառավարության կողմից լրացուցիչ լուծումներ գտնելու խոստումը, դրա իրականացումը և, որ ամենակարևորն է, արձանագրումը՝ խոստացված մեխանիզմները վերաբերում են մասնակի՞, թե՞ ամբողջական փոխհատուցմանը։

Մնում է միայն հետևել Մհեր Գրիգորյանի խորհրդին ու «չդրամատիզացնել»։