«Շնորհակալ եմ, Տեր, որ մամաս կա»․ Ավետ Բարսեղյանը շնորհավորել է մայրիկի տարեդարձն ու հուզիչ գրառում կատարել


14:53 , 7 մայիս, 2020

Ես մորս գործած Հավատն եմ ու կարկատած Հույսն եմ նրա։ Ես կավ եմ՝ թրծված մորս հոգու վառարանում, պատված նրա թանկ արցունքների էմալով։

Ես մորս պատրաստած ճաշն եմ՝ դժվարությամբ հայթայթված մթերքներից։

Կեղտոտ ձեռքերով՝ անաղ ու հաց, ինձ ո՛չ ուտել կլինի, ո՛չ ջարդել հեշտությամբ։

Գործվածքս հատ չի գնում, կարկատածն այնքան ամուր է, որ չի մաշվի, էմալս էլ ճաքում է, բայց չի թափվում…

Ես մորս Սերն եմ ու Աղոթքը։ Ու ապրելու եմ կյանքս այնպես, որ հասնեմ ոչ թե տերերի, այլ Տիրոջ ականջներին։
Ու քանի կամ, շնչում եմ քանի, ասելու եմ.

- Օրհնվի ծնունդդ, Մամ ջան։ Շնորհակալ եմ, Տեր, որ մամաս կա։ Տիեզերք, կեցցե՛ս, որ տեղավորվում ես Մայրիկիս սրտի մեջ…

Ազգանուշս, ծնունդդ շնորհավոր։