Իտալիայում քահանան տուգանվել է պատարագ անցկացնելու համար


04:54 , 22 ապրիլ, 2020

Իտալիայում քահանան տուգանվել է պատարագ անցնկացնելու համար: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ պատարագն անցկացվել է ի հիշատակ կորոնավիրուսի հետևանքով մահացածների:

Դոն Լինո Վիոլան պատարագն անցկացրել է 13 հավատացյալների մասնակցությամբ: Պատարագի մասին տեղեկությունը տարածվել է, և ոստիկանները, համարելով այն զանգվածային միջոցառում, որի անցկացումը կարանտինի ընթացքում արգելվում է, տուգանել են քահանային:

Լրատվամիջոցներով տարածված տեսագրության համաձայն՝ ոստիկանը մոտեցել է և փորձել է դադարեցնել արարողությունը, սակայն քահանան շարունակել է: Քահանան տուգանվել է 280 եվրոյով: Նա առայժմ չի պատրաստվում այն վճարել: Քահանան բացատրում է, որ պետության կողմից սահմանափակումները վերաբերում են զանգվածային միջոցառումներին, այլ ոչ թե եկեղեցական ծառայությանը: Նա ընդգծել է, որ պատարագին ներկա գտնվողները միմյանցից հեռու են եղել, կրել են դիմակներ և ձեռնոցներ: Քահանան պատրաստվում է բողոքարկել ոստիկանների որոշումը: