Ինչպե՞ս է ֆինանսավորվել նախկին ընդդիմադիր «ՀԺ»-ն․ այս հարցն էլ մյուսները Նիկոլին կարող են տալ


17:38 , 20 ապրիլ, 2020

«Լրատվական դաշտն ինչպե՞ս է կառավարվել: Լրատվամիջոցների 99%-ը եւ լրագրողների 70%-ն իշխանություններից փող են ստացել։ Հիմա չի ստանում եւ ամբողջ լրատվական դաշտը կատաղած ա, որ հիմա փող չի ստանում: Ուրիշ տեղերից էլ որ ստանում են, վախվխելով են ստանում՝ կարո՞ղ է ինչ-որ տեղ ինչ-որ բան բացահայտվի, խայտառակ լինեն»,- երեկ իր ֆեյսբուքյան լայվի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ առնվազն կոռեկտ չէ, երբ նախկին լրագրող վարչապետը նման արտահայտություններով պիտակավորում է իր գործընկերներին։

Խնդիր ունի ավելի խորքային բաղադրիչ։

Նման հայտարարություն անելու պահին պատեհ կլիներ, որ Փաշինյանը ներկայացներ կոնկրետ փաստեր, թե որ ԶԼՄ-ներն են նախկինում ֆինանսավորվել իշխանությունների կողմից կամ առնվազն, թե ինչ աղբյուրներից է ֆինանսավորվել նրա հիմնադրած «Հայկական ժամանակը»։ Հակառակ պարագայում բազմաթիվ մարդիկ էլ կարող են պնդումներ անել, որ, օրինակ, Փաշինյանը եղել է այն բացառիկ ընդդիմադիր գործիչներից ու լրագրողներից մեկը, որի բարեկեցությունը, չնայած բանտին ու հետապնդումներին, միշտ աճել է քրեաօլիգարխիայի դժնդակ իշխանության տարիներին։