Չինաստանում կառուցվող 1.7 մլրդ դոլար արժողությամբ լոտոսի տեսք ունեցող մարզադաշտը նախատեսված կլինի 100 000 հանդիսականի համար


06:42 , 20 ապրիլ, 2020

Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման ֆոնին չեղարկվում են գործունեության տարբեր ոլորտներում սահմանված արգելքները, և տեղի ֆուտբոլի ակումբներից մեկը որոշել է կառուցել աշխարհի ամենամեծ մարզադաշտը:

Ինչպես տեղեկացնում է CNN-ը, «Գուանչժոու Էվերգրանդ» ակումբը հայտարարել է, որ արդեն մեկնարկել են 100 000 հանդիսականի համար նախատեսված շինարարական աշխատանքները:

Մարզադաշտի դիզայնը լոտոսի տեսք է ունենալու, իսկ շինարարությունը կարժենա 1.7 մլրդ դոլար: Նախատեսվում է այն շահագործման հանձնել 2022 թվականին:

Նշվում է, որ թիմը 2011 թվականից ի վեր իր խաղերն անցկացնում է 60 000 հանդիսական տեղավորող մարզադաշտում:

Չինական ակումբը մտադիր է գերազանցել կատալոնական «Բարսելոնայի»՝ 99 354 հանդիսական տեղավորող «Կամպ Նոու» մարզադաշտի ցուցանիշը, որը ներկա պահին ամենամեծն է աշխարհում: