Արթուր Վանեցյան. «Հատկապես Արցախի հարցում խիստ կարևոր է Ռուսաստանի հետ վստահելի հարաբերությունների վերականգնումը». «Առավոտ»


10:56 , 17 ապրիլ, 2020

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձել է Կաթողիկոսի վերջին հայտարարությանը հաջորդած զարգացումներին, ապօրինի գույքի բռնագանձման օրենքին և Արցախի ընտրությունների:

«Առավոտ»–Պարոն Վանեցյան, Հայաստանի հանրային օրակարգում բուռն զարգացումներ են, հնչեղություն ունեցող հարցերի պակաս չի զգացվում։ Հաշվի առնելով, որ քաղաքական հայտ եք ներկայացրել՝ հանրային օրակարգում ի՞նչ առաջնահերթություններ եք տեսնում։

Վանեցյան–Այս պահին հանրային օրակարգում ընդգրկված հարցերի թվում կան մի քանիսը, որոնք ունեն զգալի երկարաժամկետ ռիսկեր՝ պահի կոնյուկտուրայով չսահմանափակվող։ Իմ պարտքն եմ համարում` դրանց շուրջ հստակ ձևակերպել իմ տեսակետները և կոչ անել լայն հանրությանը, քաղաքացիական հասարակությանը՝ լինել զգոն։

«Առավոտ»–Այդպիսի հարցերի պակաս կարծես թե չի զգացվում, Դուք կոնկրետ ո՞ր հարցերը նկատի ունեք եւ ի՞նչ ռիսկերի մասին է խոսքը։

Վանեցյան– Այն հարցերին, որոնց կանդրադառնամ, առաջարկում եմ նայել ազգային անվտանգության տեսակետից։ Գիտեմ, որ շատերի համար մեծ է գայթակղությունը՝ տրվելու ընդհանուր հոսանքին, մասնակցելու առաջին հայացքից «արդարության համար» տարվող գործընթացներին, և դրան նպաստում է նաև բոլոր կողմերից տարվող քարոզչությունը, սակայն ես առաջարկում եմ՝ ավելի հեռուն նայել. գոնե այն մարդիկ, որոնք իրենց մեր երկրի ապագայի համար պատասխանատու են համարում։ Նախ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ սկսված արշավի մասին։ Վեհափառն արել է այն, ինչն ակնկալվում է աշխարհի հոգևոր առաջնորդներից։ Համերաշխության, մարդասիրության, խաղաղության ուղերձներն ուղղված են ավելի լավ հասարակություններ և ավելի լավ երկիր ունենալուն։ Նման հորդորների կարիք ունեն բոլոր հասարակությունները և բոլոր իշխանությունները։ Վեհափառի հայտնի հայտարարությունից հետո սկսված արշավն ակնհայտորեն ուղղորդված է, ընդ որում՝ անթաքույց՝ նույն դերակատարներով, նույնատիպ ձևակերպումներով եւ նույն ագրեսիվությամբ։ Սա հասկանալու համար պարտադիր չէ ունենալ անվտանգության համակարգում աշխատանքի լուրջ փորձ։ Բայց ազգային անվտանգության տեսակետից սա իր մեջ լուրջ խնդիր է պարունակում։ Բոլոր պետությունները, բոլոր հասարակությունները, բոլոր իշխանություններն ունենում են սահմաններ, որոնք չի կարելի անցնել։ Դրանք կարմիր գծեր են, որոնց խախտումը պետությունը դարձնում է խոցելի՝ դրսի ուժերի և դրսի ազդեցության համար։ Կան ինստիտուտներ, որոնք չի կարելի արժեզրկել մեկ կարգադրությամբ։ Իրականում չի էլ ստացվի, բայց դրսի ուժերի համար դա պարարտ միջավայր է ստեղծում՝ մեր երկրի դեմ գործունեություն ծավալելու համար, և նրանք այդ ամենը շատ արագ են ֆիքսում: Անհրաժեշտ եմ համարում նաեւ շեշտել, որ Վեհափառի և եկեղեցու դեմ կազմակերպված արշավում ներգրավված են շատ փոքր թվով մարդիկ, և նրանք չեն արտացոլում մեր ժողովրդի իրական տրամադրությունները։ Աղմուկն ավելին է, քան իրականությունը, բայց այդ աղմուկի մեջ հեշտ է խեղդել պոտենցիալ վտանգները, որ այդ արշավը պարունակում է։ Երկրորդ խնդիրը, որին կուզեի անդրադառնալ, «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքն է։

«Առավոտ»-Ազգային ժողովն արդեն ընդունել է այդ օրենքը։ Ի՞նչ ռիսկեր եք տեսնում դրանում։

Վանեցյան-Ես մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում բոլոր խմբակցությունների և, առաջին հերթին, «Իմ քայլից» շատ-շատերի անկեղծ և ազնիվ մղումներին։ Միևնույն ժամանակ նկատելի է պատկերացումների նկատելի պարզունակություն, որը չի համապատասխանում բուն խնդրի խորությանը։ Իսկ խնդիրը ոչ միայն խորն է, այլև ամեն պահի իր մեջ ունի ռիսկային ահռելի պոտենցիալ։ Հաճելի է ամբիոնից ասել, որ ժողովրդից խլվածը ետ կբերենք ու կտանք ժողովրդին։ Ասողին սա կարող է բերել խիստ կարճաժամկետ վարկանիշ, լսարանին շատ կարճ ժամանակով չարդարացված հույսեր նվիրել, իսկ պետության համար ստեղծել լրջագույն և երկարաժամկետ ռիսկեր։

«Առավոտ»–Այսինքն իրատեսական չե՞ք համարում հայտարարված նպատակների իրականացումը, մասնավորապես՝ գումարների հետ բերելը։

–Իսկ ո՞վ է բերողը, ո՞վ է պարզողը՝ գույքն ապօրինի է, թե՝ ոչ։ Ի՞նչ է նշանակում՝ տալ ժողովրդին։ Սրանք ինստիտուցիոնալ հարցեր են, որոնք չունեն սպառիչ պատասխաններ, իսկ ամեն սխալ նոր իրողություն է ձևավորելու։ Մեծ է հավանականությունը, որ կարող են փակվել գործող բիզնեսներ, և այդ դեպքում մենք կունենանք ուղղակի կրճատված աշխատատեղեր, չքավորության եզրին հայտնված նոր ընտանիքներ։ Իսկ եթե տեղի ունենա կապիտալի անկանխատեսելի արտահոս՞ք, իսկ եթե ստեղծված մթնոլորտում կապիտալը «թաքնվի՞» կամ խուսափի աշխատել։ Մեր այս առանց այն էլ անկայուն տնտեսական ժամանակաշրջանում արդյոք հաշվարկվա՞ծ է որոշակի շուկաների փլուզման վտանգը, օրինակ՝ անշարժ գույքի։ Արդյոք հաշվարկվա՞ծ են սուբյեկտիվության ահռելի ռիսկերը, և օրենքը քաղաքական ու այլ նպատակներով օգտագործելու հնարավորությունները։

«Առավոտ»–Իշխանությունները պնդում են, որ սա կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց է։

Վանեցյան–Հայաստանում ամենամեծ հակակոռուպցիոն աշխատանքը տարվել հենց իմ օրոք և հենց իմ ղեկավարությամբ։ Եվ հիմա էլ պնդում եմ, որ կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը Հայաստանի արդիականացման գլխավոր նախապայմաններից է։ Բայց խոսքը գրագետ պայքարի, համակարգային պատկերացումների և ոչ երբեք՝ պոպուլիստական քայլերի մասին է։ Կա առանցքային հարց՝ մենք ուզում ենք նոր կանոններո՞վ աշխատեցնել տարբեր շրջանակների մոտ առկա կապիտալը և ռեսուրսները՝ հանուն պետության զարգացման, հանուն մեր քաղաքացիների բարեկեցության, թե՞ ուզում ենք շոու, որի արդյունքում կարող է կտրուկ ընկնել տնտեսական ակտիվությունը, և զուգահեռ՝ ընթանալ սեփականության վերաբաշխում։ Այո, ցավոք, շատ-շատերի ազնիվ ցանկությունների և պատկերացումների ֆոնին, կան մարդիկ և շրջանակներ, որոնք օր առաջ սպասում են այդ վերաբաշխմանը։ Հաջորդ կարևորագույն հարցն եմ համարում Արցախում կայացած ընտրությունները։ Արցախը պատվով դուրս եկավ այս փորձությունից, Արցախն ավելի ժողովրդավարական պետություն է, քան Ադրբեջանը։ Միևնույն ժամանակ՝ գալիք փուլերը շարունակում են մնալ բարձր ռիսկայնության գոտում։ Ակնհայտ է, որ կան ուժեր, որոնք շահագրգռված են Արցախում կայունության խաթարմամբ, և նրանք չեն հանդարտվելու ընտրական փուլի ավարտով։ Չեմ բացառում ավելի հեռահար և ավելի վտանգավոր «սողացող քարոզարշավները»։ Ոչ մի համաճարակ չի փոխել և չի փոխելու Ադրբեջանի պատկերացումներն Արցախի խնդրի մասին, նրանց ներքին ընկալումը՝ հարմար պահի սկսել ռազմական գործողություններ։ Այս առումով՝ Ադրբեջանը գտնվում է «ստրատեգիական համբերության» փուլում։ Այս փուլի ելքը կախված է այն բանից, թե կողմերից ո՛րը ի՛նչ արդյունավետությամբ կօգտագործի տրված ժամանակահատվածը։

«Առավոտ»–Արցախի նորընտիր նախագահին շնորհավորելիս քաղաքական ուժերին կառուցողական երկխոսության կոչ էիք արել։

Վանեցյան-Այո, Արցախի համար կարևորագույն խնդիրներ են ներքին համերաշխությունը, կայունությունը, արդարության մակարդակի բարձրացումը և Արցախը ճանաչելի դարձնելու հարցը։ Այստեղ խոսքը որպես պետություն ճանաչվելու մասին չէ, այլ՝ պարտադրված մեկուսացումը թուլացնելու մասին, դեպի մեծ աշխարհ Արցախի ինտեգրացիայի նոր հնարավորությունների մասին. ցանկացած ճանապարհով՝ կրթություն, սպորտ, մշակույթ, փառատոններ, կոնֆերանսներ և այլն։ Այս ուղղությամբ իմ հիմնադրած «Հայրենիք» զարգացման հիմնադրամը պատրաստ է մեծ և հեռանկարային ծրագրերի իրականացմանը։ Հայաստանին այս փուլում չափազանց կարևոր է ներքին համերաշխության հաստատումը, ներքին բարիկադների իսպառ վերացումը. ցավոք, ես նման միտումներ չեմ տեսնում (վկան՝ Վեհափառի հանդեպ պատվիրված արշավը)։ Հատկապես Արցախի հարցում խիստ կարևոր է Ռուսաստանի հետ վստահելի հարաբերությունների վերականգնումը։ Ցավոք, այստեղ նույնպես կան տեսանելի խնդիրներ։
 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։