Քաղաքապետարանի աշխատակիցների մի մասը, իրենց պարգևավճարները ստանում են յուրաքանչյուր ամսվա վերջում, իսկ որոշները՝ այդ թվում քաղաքապետի խորհրդականն ու մամուլի քարտուղարը, եռամսյակը մեկ


22:08 , 16 ապրիլ, 2020

Մարտնչող դիլետանտի՞զմ, թե կենցաղային բամբասանք

Եռամսյակային պարգեւավճարների թեման հերթական անգամ շահարկելիս, Երեւանի Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը առանձին անդրադարձել է քաղաքապետի մամուլի քարտուղարի՝ իմ, եւ իրավական հարցերով խորհրդականի պարգեւատրմանը: Ստիպված եմ որոշ պարզաբանումներ ներկայացնել այս հարցով.

Խաժակյանը, մասնավորապես, գրում է. «պարգեւատրվել է նաեւ քաղաքապետի իրավական գծով խորհրդականը, ում մասնագիտական դիլետանտության հետեւանքով այսօր քաղաքապետարանը դատական անբարենպաստ վճիռների առաջ է կանգնում, որը շուտով կդրեւսորվի մեծածավալ վնասի փոխհատուցման տեսքով»:

Իրականությունն այն է, որ 2020թ. ապրիլի դրությամբ Երեւանի քաղաքապետարանի մասնակցությամբ 1500-ից ավել դատական գործերից քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը 2019թ. մայիսից աշխատանքի ընդունվելուց ի վեր զբաղվում է, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, միմյանց հետ սերտ փոխկապակցված միայն 2 (երկու) գործով, որոնք ըստ էության մեկ գործ են («Սանիթեքին» վերաբերող): Այդ գործերից մեկով Սնանկության դատարանի թիվ ՍՆԴ/1719/04/19 գործով 11.03.2020թ.-ին հաստատվել է Երեւանի քաղաքապետարանի պահանջը ավելի քան 2.9 մլրդ դրամի չափով, իսկ մյուս՝ ԵԴ/19172/02/19 գործով ներկայացվել է հակընդդեմ հայցադիմում՝ 2.5 մլրդից ավելի դրամի չափով, որի մասով գործը ընթացքի մեջ է:

Այսինքն, արձանագրենք, որ Խաժակյանի հիշատակումը «անբարենպաստ վճիռների» վերաբերյալ, պարզ ապատեղեկատվություն է:

Հաջորդը՝ գրելով քաղաքապետի խորհրդականի եւ մամլո խոսնակի պարգեւավճարների մասին՝ Խաժակյանը նշում է, որ «ընտրովի» եւ «անարդար» պարգեւատրում է տեղի ունեցել: Այսինքն, իբր, ոմանք պարգեւատրվում են, ոմանք՝ ոչ:

Դժվար է պատկերացնլ, որ պարոն Խաժակյանի պես խորագիտակ եւ պրպտուն քաղաքական գործիչը չգիտի, որ աշխատակազմի անդամների մի մասը ըստ նախընտրության եռամսյակային պարգեւավճարները ստանում է ամեն ամիս, իսկ մյուս մասը եռամսյակը մեկ՝ միանգամից: Այսինքն, աշխատակիցների մի զգալի մասը, իրենց հասանելիք պարգեւավճարները (փաստացի՝ ֆիքսված հավելավճարը) ստանում են յուրաքանչյուր ամսվա վերջում, իսկ որոշները՝ այդ թվում քաղաքապետի խորհրդականն ու մամուլի քարտուղարը, եռամսյակը մեկ: Իսկ մարտ ամսվա ամբողջ պարգեւավճարային ֆոնդը՝ 130 մլն դրամ, գումարած՝ քաղաքապետի աշխատավարձը ամբողջությամբ, ինչպես հայտնի է, փոխանցվել է բուժաշխատողներին: Շեշտում եմ՝ որեւէ պաշտոնյա, առավելեւս, վարչության պետ, ավել կամ պակաս պարբերականությամբ պարգեւավճար չի ստանում:

Արդ, ինչո՞ւ է Խաժակյանը փորձում հակառակը ներկայացնել: Արդյո՞ք մասնագիտական դիլետանտությունն է պատճառը, թե հանրությանը դիտմամբ մոլորության մեջ գցելու մղումը: Որքանո՞վ է հավանական, որ 1 միլիոնանոց քաղաքի Ավագանու 3 հոգանոց խմբակցության ղեկավարը չի կարողանում վերլուծել բաց հարթակում առկա տեղեկություններն ու հետեւություններ անել դրանից:

Անձամբ ես ուզում եմ հավատալ, որ Դավիթ Խաժակյանի գրառումն այս իմաստով անտեղյակության հետեւանք է, այլապես կստացվեր, որ նա բավական անճոռնի կերպով, դիտավորյալ խեղաթյուրում է փաստերը՝ հատկապես շահարկելով առողջապահության ոլորտի նկատմամբ ներկայիս զգայուն տրամադրությունները: Դա է՛լ ավելի էժանագին հնարք կդիտվեր՝ հատկապես բուժաշխատողների նկատմամբ այս օրերին քաղաքային իշխանության դրսեւորած վերաբերմունքի ֆոնին:

Հ. Գ. Իսկ հիմա, թույլ տվեք կրկին հանրային հաշվետվություն ներկայացնել քաղաքապետարանում ստացած իմ վարձատրության մասին: Այսպես՝ պրն. Խաժակյանի նշած 560 հազար դրամը (որը երկու ամսվա հավելավճար է), հարկերից «մաքրելուց» հետո դառնում է ամսական մոտ 200 000-ական դրամ: Սա էլ եթե գումարում ենք իմ ամսական աշխատավարձին՝ 213 000 դրամին, ստացվում է, որ ես ստանում եմ ամսական շուրջ 410 000 դրամ: ՀՀ ցանկացած քաղաքացի իրավունք ունի վիճարկելու՝ որքանով է որեւէ հանրային ծառայող, այդ թվում՝ ձեր խոնարհ ծառան արժանի իր վարձատրությանը, բայց նախեւառաջ, յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի պատշաճ տեղեկություն ստանալու՝ առանց խեղաթյուրումների եւ մանիպուլյացիաների:

Եղե՛ք տեղեկացված եւ ստուգեք տեղեկատվության իսկությունը: Ապատեղեկատվությունը երբեմն ավելի վնասակար է, քան վտանգավոր վարակները: