Ինչո՞ւ պետք է 90-ականների թալանողները պատասխանատվության չենթարկվեն, բայց 2000-2010-ականներին թալանողները ենթարկվեն


14:40 , 16 ապրիլ, 2020

ԱԺ-ն ընդունեց ապօրինի ծագման գույքը բռնագանձելու մասին օրինագիծը: Ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե դատարանը որոշում է կայացրել, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է հիսուն միլիոն ՀՀ դրամը։ Ուսումնասիրվելու են 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ձեռք բերված գույքերը, բայց, ըստ Ռուստամ Բադասյանի, հիմնականում քննության է ենթարկվելու վերջին 10 տարում ձեռք բերված գույքերի օրինականությունը:

Հարց է առաջանում․ ինչո՞ւ հենց վերջին 10 տարում ձեռք բերվածը, ոչ թե 15, 20 կամ 28 տարվանը, չէ՞ որ պետական գույքը կոպեկներով սեփականացնելու թալանը սկսվել է հենց 92թ․-ից։ Ի՞նչ է նշանակում՝ օրենք են ընդունում մի ամբողջ ժամանակահատվածի համար, բայց գլխանց ասում են, որ հիմնականում կիրառելու են այդ ժամանակահատվածի մի մասի համար։ Լավ, ինչքա՞ն կարելի է աբսուրդային մոտեցումներ կիրառել։ Ինչո՞ւ պետք է 90-ականների թալանողները պատասխանատվության չենթարկվեն, բայց 2000-ականների կամ 2010-ականների թալանողները ենթարկվեն, ո՞րն է տրամաբանությունը, թալանը թալան է՝ անկախ ամեն ինչից։

Իրականում այս օրենքը դառնալու է մահակ գործող իշխանությունների ձեռքին, որը կկիրառվի ընտրողաբար․ ում ուզեն, կմտրակեն, ում չուզեն, չեն մտրակի, առավել ևս, որ ունեցել ենք և ունենք իշխանության գրպանային իրավապահ, ֆինանսական և դատական համակարգ։

Այո՛, թալանողները չպետք է անպատիժ մնան և հնարավորի չափով պետք է պատժվեն, իսկ ամբողջովին պատժվել չեն կարող, քանի որ անհնար է օբյեկտիվ պատճառներով ամբողջությամբ ապացուցել թալանի չափը, բայց նաև այս օրենքը ոչ հեռու ապագայում ավելի շատ խնդիրներ է առաջացնելու, քան թե օգուտներ է տալու։

Առաջիկայում ականատեսը կլինենք իշխանությունների բեմադրությամբ «ապօրինի գույքի բռնագանձումների» նոր բազմասերիանոց շոուներին, որոնք հետագայում ջախջախվելու են միջազգային դատական կառույցներում՝ Հայաստանը էլ ավելի դարձնելով ներդրումների համար ոչ գրավիչ երկիր։