«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության հայտարարությունը Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ


18:09 , 15 ապրիլ, 2020

Երեկ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ինչպես համապետական ընտրությունների առաջին փուլում, այնպես էլ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը և «Իրավական կրթություն» կազմակերպությունը իրականացրել են ակտիվ դիտորդական առաքելություն Արցախի Հանրապետության շուրջ 100 տեղամասերում։ Պետք է արձանագրել, որ ապրիլի 14-ին տեղի ունեցած ընտրական գործընթացներն եղել են հարթ, խաղաղ, կազմակերպված առանց կուտակումների:

Չնայած գրանցված որոշակի խախտումներին` ընտրությունների երկորդ փուլը աչքի ընկավ նրանով, որ այն գրեթե զերծ էր այն մտահոգող խախտումներից, որոնք տեղի էին ունեցել ընտրությունների առաջին փուլում:

Ի տարբերություն ընտրության առաջին փուլի` երկրորդ փուլում ընտրողների մասնակցության ցուցանիշը ավելի ցածր էր` պայմանավորված արտակարգ իրավիճակով, արդեն իսկ կայացած խորհրդարանական ընտրություններով և երկրորդ փուլում միայն երկու թեկնածու լինելու հանգամանքով:

Բոլոր ընտրատեղամասերում պահպանված էին հիգիենայի կանոնները, քվեարկողներին տրամադրվել են անհատական գրիչներ, դիմակներ և ձեռնոցներ:

Ընտրությունների երկրորդ փուլը ցույց տվեց, որ նույնիսկ մարտահրավերների, երկրում հաստատված արտակարգ իրավիճակի պայմաններում, Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ընտրությունը կազմակերպված էր, համապատասխանում էր թափանցիկության, ժողովրդավարության չափանիշներին: Արցախցին կարողացավ իր քվեն տեղ հասցնել։

Կարեւոր է հասկանալ, որ բոլոր նրանք, ովքեր, կոնկրետ նպատակից ելնելով, փորձում էին ստվերել տեղի ունեցող գործընթացների լեգիտիմությունը, ոչ միայն ջուր են լցնում հայատյաց շրջանակաների ջրաղացին, այլեւ ուղղակիորեն վնասում են Արցախի սուբյեկտայնությունը։