Չեխիայի ոստիկանները տուգանել են լողափում ամբողջովին մերկ արևայրուք ընդունող նուդիստներին, քանի որ վերջիններս եղել են առանց դիմակի


02:05 , 15 ապրիլ, 2020

Համաճարակը կատակ բան չէ։ Չեխիայում ոստիկանության ցանցում են հայտնվել տեղի նուդիստները։ Իսկ ոստիկանության ներկայացուցիչների պահանջը նուդիստներից շատ պարզ էր. նրանք ուղղակի չէին կրում դիմակներ։ Ոստիկաններին անգամ չի հետաքրքրել նրանց ամբողջովին մերկ լինելու հանգամանքը։

Մարտի 12-ից Չեխիայում արտակարգ դրություն է հայտարարված, որը նախորդ շաբաթ երկարեցվել է մինչև ապրիլի 30-ը։ Դիմակների կրումը պարտադիր պայման է համարվում։ Թեև իշխանություններն աստիճանաբար վերացնում են արգելքները, սակայն դիմակներ կրելու պարտադիր պայմանը ոչ ոք չի ցանկանում վերանայել։

Դիմակներ կրելու պարտադիր պայմանի հետևանքներն իրենց վրա զգացին տեղի նուդիստները։ Նախորդ կիրակի, երբ արևն արդեն բավականին ջերմացնում էր, նրանք ուղևորվեցին մերկ արևայրուքի սիրահարների համար նախատեսված հատուկ լողափ և ամբողջովին մերկացան։

Այս ընթացքում նրանց մոտեցան ոստիկանները, որոնք շրջայց էին կատարում լողափում։ Եթե հագուստի բացակայությանը նրանք ուշադրություն չդարձրին, ապա նուդիստների առանց դիմակի լինելը օրինապահներին բարկացրեց։ Նուդիստներին դիմակ չկրելու համար տուգանեցին, որը նրանք ստիպված պետք է վճարեն ամենակարճ ժամանակահատվածում։