BMW ընկերությունը կսկսի բժշկական դիմակներ արտադրել


08:40 , 9 ապրիլ, 2020

Գերմանական ավտոարտադրող BMW ընկերությունը հայտնել է, որ պատրաստ է անցնել բժշկական դիմակների արտադրության: «Deutsche welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Օլիվեր Ցիպսեն ապրիլի 8-ին Մյունխենում Բավարիայի դաշնային երկրամասի վարչապետ Մարկուս Զյոդերի հետ հանդիպմանը:

«Այսպիսով մենք ակտիվ կսկսենք աշխատել գլոբալ դեֆիցիտը վերացնելու ուղղությամբ: Շատ շուտով մենք կսկսենք օրական արտադրել մի քանի հարյուր հազար դիմակ: Դա կծառայի ինչպես մեր աշխատակիցների, այնպես էլ հասարակությանը մատարարելու համար»,- նշել է նա:

Ընկերությունում խոստացել են, որ ձեռք կբերեն անհրաժեշտ սարքավորումները: