ԱՄՆ-ին մեղադրել են Գերմանիայի համար նախատեսված 200 հազար դիմակների անօրինական յուրացման մեջ․Tagesspiegel


23:00 , 4 ապրիլ, 2020

Գերմանիան կմնա առանց 200 հազար ռեսպիրատոր դիմակների, որոնք պատվիրվել էին Չինաստանում գերմանական ոստիկանության համար, այն պատճառով, որ դրանք բռնագրավվել են Բանգկոկում և ուղարկվել են ԱՄՆ։ Այս մասին գրում է Tagesspigel թերթը՝ հղում անելով Բեռլինի Սենատի ներքին հարցերով ներկայացուցիչ Անդրեաս Հայզելին։

Նա պնդում է, որ դիմակների խմբաքանակը բռնագրավել է Միացյալ Նահանգները։ «Մենք դա ժամանակակից ծովահենության ակտ ենք համարում»,- ասել է սենատորը։

Հայզելը հայտարարել է, որ տրանսատլանյան գործընկերները կորոնավիրուսի համավարակի ժամանակ չպետք է թույլ տան, որ գործի դրվեն «Վայրի Արևմուտքի մեթոդները»։ Նա կոչ է արել ԱՄՆ կառավարությանը հետևել միջազգային օրենքներին, իսկ նախագահ Դոնալդ Թրամփին՝ համերաշխ լինել մյուսների հետ։

Պարբերականի տվյալներով, Բեռլինում պատվիրված դիմակները պատրաստված են եղել Չինաստանում՝ ամերիկյան ընկերության գործարանում։ Ապրանքները պետք է Բանգկոկից Գերմանիա հասցվեին օդային ճանապարհով։ Սակայն դրանք, ըստ տեղեկությունների, բռնագրավվել և Բանգկոկից ԱՄՆ են ուղարկվել։

Սպիտակ տունը հերքում է ռեսպիրատոր դիմակների անօրինական բռնագրավման հետ իր կապը։