«Չորս տարի առաջ մեր զինված ուժերը վերահաստատեցին՝ խաղաղություն չեն մուրում, այլ պարտադրում են». Արթուր Վանեցյան


16:57 , 2 ապրիլ, 2020

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն Instagram-ի իր էջում զինծառայողների հետ լուսանկար է հրապարակել ու գրառում կատարել Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին:

«Չորս տարի առաջ մեր զինված ուժերը՝ ռազմի դաշտում և բռունցքված մեր ժողովուրդը` թիկունքում ևս մեկ անգամ վերահաստատեցին սեփական հայրենիքում ապրելու և արարելու իրենց անվիճելի իրավունքը: Վերահաստատեցին այն պարզ ճշմարտությունը, որ խաղաղություն չեն մուրում, այլ պարտադրում են: Վերահաստատեցին` զոհասեղանին դնելով անկախության սերնդի լավագույն որդիների արյունը, կերտելով հերոսության նոր պատմություններ, կամրջելով արցախյան հաղթական գոյամարտը կերտած նախկին ու գալիք սերունդների կամքը` ինչ էլ լինի, երբ էլ լինի, ինչ գնով էլ լինի, տեր կանգնել սեփական հայրենիքին ու պաշտպանել նրա սահմանները:

Լույս իջնի ձեր շիրիմներին, հերո՛ս տղեք: Ձեր գործն անմահ է: Ձեր կերտած հաղթանակը չի՛ վաճառվելու»: