Եթե ձեր մեջ ավելի ու ավելի շատ խստությունների կոչ անելու անհաղթահարելի ուժ եք զգում, խնդրում եմ, ինքնամեկուսացեք, անջատեք ինտերնետը


10:57 , 24 մարտ, 2020

Երեկվա գրառումս այն մասին, որ «ավելի խստացնենք», «ավելի պատժենք», «էլ ավելի խստացնենք» և այլն, միտումն արդեն լավ տեղ չի տանում, թերևս շատերդ այնքան էլ ճիշտ չհասկացաք: Բայց կարծում եմ՝ ես ճիշտ եմ զգում: Հաստատումը՝ երեկ արդեն հայտնվել էր Ֆեյսբուքում գրառում «Հիտլերին հասկանալու» մասին այս կոնտեքստում: Միանգամից ասեմ, որ ես դեմ չեմ Հիտլերին կամ որևէ մեկին հասկանալուն: Ճիշտ հակառակը, հասկանալ պետք է ամեն ինչ, դա սկզբունք է, որը բացառություններ չպետք է ունենա, եթե չենք ուզում հետ վերադառնալ միջնադար իր սատանեքով ու հրեշտակներով: Բայց սա չէ հիմա կարևոր: Հիտլերն ընդամենը մետաֆորա և ցուցիչ է:

Կա երկու տարբերակ: Մի երկու ամսից, եթե վիրուսը չի հաղթահարվում, ասել մարդկանց, դե, գիտեք ինչ, չնայած վիրուսին՝ պետք է նորից գնանք գործի, դպրոց և այլն, որովհետև էլ հնարավոր չէ: Բնականաբար, կառավարություններն այդ դեպքում կարող են պարզապես սրբվել ժողովրդական ցասման ալիքից, որովհետև կպարզվի, որ խաղադրույքը, որը դրված էր, չափազանց բարձր էր ու արդարացված չէր:

Եվ կա երկրորդ տարբերակը: Վիրուսը չի հաղթահարվում, և խաղադրույքներն էլ ավելի են բարձրացվում: Այսօր զառանցանք կարող է թվալ, բայց այդ դեպքում կարող է նորմալ համարվի վիրուսակիրներին հատուկ ճամբարներում փակելու պահանջը, որոշ ժամանակ անց՝ ոչնչացնելու պահանջը: Ամենաբարի նպատակներով:
Չի՞ կարող նման բան պատահել: Այսօրվա իրավիճակն էլ չէր կարող: Իսկ համապատասխան ժանրերի կինոներում նման անհնար իրավիճակները խաղարկված են, օրինակ՝ հիվանդների ոչնչացումը:

Երրորդ տարբերակը՝ վիրուսը հնարավոր է լինում հաղթահարել մի երկու-երեք ամսում: Դե, հուսանք, որ դա այդպես կլինի, և հաղթահարելը չի նշանակի, որ, ասենք, մի ամիս հետո նոր օջախ կհայտնաբերվի, կամ տարին մեկ-երկու անգամ աշխարհը կփակվի:

Ասածս այն է, որ արդեն այսօր պետք է մի պահ խորը շունչ քաշել ու կանգ առնել: Բավականաչափ միջոցներ արդեն կան: Վերն արտակարգ դրություն է շատ տեղերում և արտակարգ միջոցառումներ:

Սրանից ավելի խիստն անխուսափելիորեն բերելու է «Հիտլերին հասկանալու» ճանապարհին: Ու դրա առաջնագծում լինելու են «սոցիալ ջասթիս վորիորները»: Մի դարձեք դրանցից մեկը: Դա ավելի վատ է, քան կորոնավիրուսը, դա մաքուր զոմբիացում է, մարդկային սթափ բանականության կորուստ:

Եթե զգում եք ձեր մեջ անհաղթահարելի ուժ, որը ստիպում է ձեզ կոչ անել ավելի ու ավելի շատ խստությունների, պատիժների, «դեբիլների» դեմ պայքարի, «դեբիլների» ոչնչացման, խնդրում եմ ամենայն անկեղծությամբ, ինքնամեկուսացեք, անջատեք ինտերնետը, մի զբաղմունք գտեք ձեզ ու գիտակցեք, որ դուք ընկել եք հոսանքի մեջ, որը ձեզ տանելու է դեպի հոգեկան ոչ առողջ վիճակ, դուք սոցիալական հիվանդության վիրուսակիր եք, ու դա շատ լուրջ է:

«Հիտլերին հասկանալը» պատահականություն չէ, այլ սոցիալական այս հիվանդության անխուսափելի հանգրվան: Վստահ եմ՝ ձեզանից շատերը հենց հիմա էլ արդեն ունեք այդ ցանկությունը՝ հատուկ ճամբարների, որոշ դեպքերում՝ մահապատիժների և այլն, պարզապես չեք ուզում դա հրապարակայնորեն խոստովանել կամ դեռ պաքարում եք ինքներդ ձեր մեջ: Վաղն էլ չեք կարողանա ձեզ զսպել, դրա համար քանի հիվանդությունը նոր է, կանգ առեք: