Իսկ դուք գիտե՞ք, թե որտեղից է գալիս կարանտին բառը


16:14 , 10 մարտ, 2020

Իսկ դուք գիտե՞ք, թե որտեղից է գալիս «կարանտին» բառը։ Կարանտինն իտալերեն quaranta բառից է, որը նշանակում է քառասուն։

Ինչո՞ւ հենց քառասուն, ու ո՞նց այդ բառը եկավ-կպավ հակահամաճարակային միջոցառմանը որպես անուն։

Երբ 14-րդ դարում Եվրոպայում սկսում էր մոլեգնել սև ժանտախտը, տարբեր երկրներ, շրջաններ ու քաղաքներ տարբեր կերպ էին փորձում պայքարել համաճարակի դեմ։ Շատերը գնում էին, լցվում եկեղեցիները, աղոթում հասկանալի հետևանքներով, ոմանք խունկ էին վառում, որոշ տեղերում հիվանդների վերքերը շիկացած երկաթով այրում էին (դա, ի դեպ, օգնում էր, եթե մարդը չէր մեռնում այրվածքներից կամ ցավից)։ Վոոբշեմ, ում խելքին ինչ փչեր, տենց էլ անում էր։

Այլ ձև չէր էլ կարող լինել, քանի որ ոչ ապացուցողական բժշկությունն էին դեռ հորինել, ոչ էլ համակարգված, կուտակված բժշկական գիտելիքներ կային։

Բայց բժշկական գիտելիքներ չկային, փոխարենը կար վարչարարության և կառավարման ահռելի փորձ։ Ու երբ էսօր հետհայացքով նայում ենք էն պատմությանը, տեսնում ենք, որ, ըստ էության, միակ բանը, որ հիվանդության դեմ պայքարում ինչ-որ արդյունք տվել ա, վարչարարությունն էր։

Ամեն ինչ սկսվեց Վենետիկից, որտեղ համաճարակն էնպիսի արագությամբ բռնկվեց, ոնց որ, ասենք, չոր խոտը ամռան +40-ին։ Բայց քաղաքի ղեկավարները տկարամիտ ապուշներ չէին։

Վենետիկի դոժի և քաղաքային խորհրդի որոշմամբ՝

Քաղաք ժամանած բոլոր նավերն անխտիր ստուգվում էին ու ամենաչնչին կասկածի դեպքում ամբողջ բեռով հանդերձ այրվում էին։

Քաղաքում փակվում են բոլոր խաղատները, գինետներն ու մերսման սրահները։ Ու առհասարակ, արգելվում է գինու վաճառքը, որովհետև այն անխուսափելիորեն մարդկանց կուտակում էր առաջացնում։

Քաղաքում ստեղծվում են հատուկ խմբեր, որոնց խնդիրն էր օպերատիվ կերպով հայտնաբերել բոլոր մահացածներին։ Արգելվում են հուղարկավորության ավանդական արարողություններն ու թափորները։ Թաղման հարցը լուծում էին հենց այդ հատուկ խմբերը։

Բուն թաղումների համար հատկացվում է Վենետիկի կղզիներից մեկը՝ Լազարետտոն։ Ահա ձեզ ևս մեկ բառ՝ լազարեթ։

Նույն Լազարետտոյում 40-օրյա ժամկետով մեկուսացվում են նաև քաղաք ժամանողները, մինչև կհամոզվեն, որ նրանք հիվանդ չեն։ 40 օր ժամկետն ընտրվել էր Քրիստոսի՝ անապատում անցկացրած օրերի հաշվով։ Ստեղից էլ quaranta-կարանտին։

Ցավոք, վենետիկցիները համաճարակի մասին իմացան դրա բռնկվելուց հետո միայն․ մարդկային մեծ հոսքով առևտրային քաղաքն առաջիններից մեկն էր Եվրոպայում, որտեղ հիվանդությունը հայտնվեց։ Արդյունքում Վենետիկի բնակչության 40-60%-ը զոհվեց։ Բայց վարչարարությունը հաստատ օգնեց խուսափել էլ ավելի ծանր հետևանքներից (եղել են, օրինակ, գրեթե ամբողջությամբ բնաջնջված բնակավայրեր) ու նույնիսկ համաճարակի ամենածանր շրջանում քաղաքը մնաց կառավարելի։

Հ․Գ․ Ի դեպ, մնացած Եվրոպայում, երբ տեսան, որ աղոթելն ու խունկ ծխելը մի տեսակ արդյունք չեն տալիս, ընդօրինակեցին Վենետիկի փորձը, բայց ուշ՝ մի քանի ամիս, իսկ որոշ երկրներ՝ նույնիսկ մի քանի տարի հետո։