Սեյրան Օհանյանի «գծի» շնորհիվ է, որ ադրբեջանցիները ռիսկ չարեցին ապրիլյան պատերազմը սկսել մեզ համար ամենատանկավտանգ հատվածից՝ Աղդամից


19:22 , 8 մարտ, 2020

Ադրբեջանցիների մոտ բան էի փնտրում, մեկ էլ պատահաբար Զաքիր Հասանովի անցած տարվա մի հարցազրույց հանդիպեցի Ապրիլյանին նվիրված, որը կամ չէի տեսել կամ արդեն հասցրել էի մոռանալ։ Թե բա․ «հայերն ասում էին, թե Օհանյանի գիծն անանցանելի ա, բայց մենք 18 րոպեում անցանք»։ Մի հարցնող լինի, թե որ 18 րոպեում անցաք, բա դրանից հետո 4 օր ի՞նչ էիք անում, որտե՞ղ էիք։

Ընդ որում՝ նույն Զաքիրը դրանից առաջ «ՌԻԱ Նովոիստիին» տված հարցազրույցում բերնից թռցրել էր, որ Ապրիլյանին իրենք գործադրել են բանակի 15-20%-ը։ Ու էդքանով հանդերձ «անսպասելիության էֆեկտի» հաշվին առաջին օրը գրավածից էն կողմ բան չկարեցան անեն ու դեռ մի բան էլ կորցրին առաջին օրը գրավածի մի մասը։

Իսկ չկարեցան, որովհետև էդ նույն «Օհանյանի գիծ» կոչվածը, որի մասին տենց մեծ-մեծ խոսում ա, բկներին կանգնեց։

Բայց ստեղ մի հատ այլ խնդիր էլ կա․ մեր հասարակությունում էլ լավ չեն հասկանում, թե էդ ինչ գիծ է ու ինչ ֆունկցիա է կատարում։ Մի կողմից հակաբանակային բազմամյա քարոզչության «ժանգոտ բանկեք են ընդամենը» պատկերացումներն են, մյուս կողմից էլ հակառակ ծայրահեղությունը․ մարդկանց թվում ա՝ թե խոսքը զանգվածեղ բետոնե բունկերներով ու ամրաշինություններով գծի մասին ա՝ ա լյա Մաժինյոյի գիծ։

Իրականում այդ գծերի ընդհանրությունը վերջանում է իրենց «հոգևոր հայրերի» պատվին անվանակոչված լինելու փաստով, քանի որ դրանք լրիվ տարբեր իրողություններում ու տարբեր հնարավորություններով թշնամիներից պաշտպանվելու համար են կառուցված եղել։

Ինչ վերաբերվում է ֆունկցիոնալին, ապա առհասարակ պաշտպանական գծերը կառուցում են մի քանի գլոբալ խնդիր լուծելու համար։

Ամենաակնհայտն, իհարկե, սեփական կորուստների նվազեցումն ու թշնամու կորուստների շատացումն է։

Ավելի պակաս ակնհայտ է այն, որ պաշտպանական գծերը նպատակ ունեն ստիպել թշնամուն հարձակվել ոչ թե բնականորեն նպաստավոր հատվածներում, այլ՝ առավել աննպաստ տեղերում։

Մեր դեպքում բնական ամենատանկավտանգ հատվածներից է օրինակ կենտրոնական, Աղդամի ուղղությունը։ Ու նաև «Օհանյանի գծի» պատճառով է, որ ադրբեջանցիները ռիսկ չարեցին այդտեղից սկսել։ Ընդ որում՝ «Օհանյանի գիծն» իրականում իր ֆունկցիան կատարեց անգամ այն հատվածներում, որտեղ մենք տարածքային կորուստներ ունեցանք։ Էնպես չի էլի, որ ադրբեջանցիները մեր առաջնագծի պոստերը վերցրեցին ու ալարեցին առաջանալ։ Չկարողացան ուղղակի։

Ընդ որում՝ կարևոր է հասկանալ, որ այդ պաշտպանական գծերի հիմնական խնդիրը խոշոր հարձակումների կանխումն է ու այդպիսի հարձակումներին դիմակայելու ունակությամբ է որոշվում դրանց արդյունավետությունը։ Ու կարևոր է նաև հասկանալ, որ այո, պաշտպանական գծերի ինժեներական կահավորումը ու արդիականացումը շարունակական գործընթաց է։ Էնպես չի էլի, որ մի օր սարքեցիր ու վերջ, դարեդար խնդիրը լուծվում է։