«Երբեք մտավախություն չեմ ունեցել, որ ինձ կմոռանան, նույնիսկ եթե դադարներս կապված չեն եղել երեխայիս հետ». Քրիստինե Պեպելյան


17:45 , 6 փետրվար, 2020

Երգչուհի Քրիստինե Պեպելյանի համերգային վերջին ծրագիրը երկու տարի առաջ էր՝ Սիրո տոնին ընդառաջ: Փետրվարի 8-ին Քրիստինեն կրկին կերգի իր հանդիսատեսի համար ինչպես հին, այնպես էլ նոր երգեր: Երգչուհին BlogNews.am-ի հետ զրույցում նշել է, որ ստեղծագործական դադարը երկար չի համարում. «Այս ընթացքում ես շատ պարապ չեմ եղել, կյանքիս կարևորագույն իրադարձություններով եմ զբաղված եղել՝ բալիկով, և չեմ կարծում, որ սա պարզապես պարապ անցկացրած ժամանակ էր: Այս ընթացքում ես նույնիսկ մեկ օր չեմ ունեցել ազատ ժամանակ և չեմ բացակայել իմ գործունեությունից: Ուրիշ բան, որ տեսադաշտում չեմ եղել շատ դեպքերում, ինչը, կարծում եմ, տրամաբանական է»:   

Այն հարցին՝ երկար դադարը չի՞ նպաստում նրան, որ սկսեն մոռանալ արտիստին, երգչուհին նշում է. «Անկեղծ ասած՝ ես նման մտավախություններ երբեք չեմ ունեցել, նույնիսկ եթե իմ դադարները կապված չեն եղել երեխայիս հետ: Հարցն այն չէ, որ ես չափազանց ինքնավստահ կերպար եմ, ես չեմ կարծում, որ այսքան տարիները պետք է իզուր անցնեն, և մի տարվա դադարը պետք է մոռացնել տա: Ես շատ լուրջ եմ վերաբերվում իմ աշխատանքին, երբեք չեմ երգում որևէ երգ պարզապես երգելու համար, որովհետև դա է պահանջված, և երևի դա է պատճառը, որ չունեմ մտավախություն, որ մի տարի դադարից հետո մարդիկ ինձ այլևս չեն հիշելու»:

Փետրվարի 8-ին երգչուհի Քրիստինե Պեպելյանի համերգային ծրագիրը հագեցած է լինելու հին ու նոր երգերով. «Հանդիսատեսը շատ լավ գիտի՝ ինչ սպասի արտիստից, որովհետև յուրաքանչյուրն իր ասելիքն ունի: Կարծում եմ, երբ ամեն անգամ հանդիպում եմ իմ հանդիսատեսի հետ, նրանց ինձնից երաժշտություն են սպասում: Երգի պրեմիերա կլինի՝ նվիրված բոլոր երեխաներին։ Բնականաբար, ես կերգեմ Արեգի համար, և այդ ժամանակ բոլոր ծնողները կպատկերացնեն իրենց երեխաներին: Առաջին անգամ բենդով և համերգային ծրագրով կհնչի «Անավարտ թռիչք» երգը: Շատ ուրախ եմ, որ այդ երգը պետք է հնչի: Իմ հին երգերը մարդիկ շատ են պահանջում, կարծում եմ՝ այս համերգից հետո մենք կպատրաստվենք ավելի մեծ համերգի, որտեղ շեշտը ավելի շատ կլինի հին երգերի վրա»:

Հարցին՝ արդյո՞ք երգչուհու համար էլ իր հին երգերն ավելի սիրված են, Քրիստինեն պատասխանեց․ «Գիտե՞ք, հետաքրքիր մի բան ասեմ․ զգացողություններն այնքան տարբեր են լինում: Օրինակ, երբ լսում եմ «Հրաժեշտ» երգը, ամեն տարվա հետ զգացողությունները տարբեր են լինում: Հավատո՞ւմ եք, ես հիմա բոլորովին այլ կերպ եմ զգում այդ երգը, հիմա ուրիշ ասելիք կա»:

Զրույցի վերջում Քրիստինեն նշեց, որ պատրաստվում է նաև մենահամերգի, որը կլինի այս տարի:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի