Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային հանրությանը դադարեցնել կորոնավիրուսի հետ կապված խուճապը


19:00 , 6 փետրվար, 2020

Համաշխարհային հանրությունը չպետք է չափազանցված միջոցներ ձեռնարկի՝ խթանելով համընդհանուր խուճապի աճը և ապակայունացնելով միջազգային փոխգործակցությունը 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբի ֆոնին: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը՝ հավելելով, որ դա կհանգեցնի միայն բացասական հետևանքների:

«Նման գործողությունները ոչ միայն չեն օգնի պայքարել կորոնավիրուսի դեմ, այլ, ընդհակառակը, կհանգեցնեն խուճապի, կխախտեն միջազգային կարգը և համագործակցության համար շփումները», – նշել է նա հերթական ճեպազրույցում: Դիվանագետի խոսքով՝ Չինաստանի իշխանություններն արդեն դժգոհություն են հայտնել առանձին պետությունների, որոնք փաստորեն իրենց գործողություններով խախտում են տրանսպորտային հաղորդակցությունը և վիժեցնում առևտրատնտեսական կապերը Չինաստանի հետ: