Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ռազմիկ Աբրահամյանին ձերբակալելու որոշումը. «Հետք»


21:53 , 19 դեկտեմբեր, 2019

Hetq.am-ը գրում է․

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, քիչ առաջ ոչ իրավաչափ է ճանաչել Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի ձերբակալման որոշումը: Այս մասին ասաց Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը:

Նշենք, որ Աբրահամյանը ձերբակալվել է երեկ՝ օտարերկրյա որդեգրումների գործընթացում առկա չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։ Բացի նրանից ձերբակալվել են ևս երեք անձինք:

Աբրահամյանի պաշտպանը նշեց, որ թեև ձերբակալման՝ ոչ իրավաչափ լինելու մասին որոշումն իրենց մոտ է՝ Աբրահամյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որտեղ շարունակելու է մնալ:

Սամվել Դիլբանդյանի խոսքով՝ Ռազմիկ Աբրահամյանը որևէ անձի հետ չի առերեսվել, նրան անգամ քրեական գործի շրջանակներում որպես վկա ցուցմունք տալու չեն հրավիրել: