19:08 , 8 հուլիս, 2013
Երջանկության զգացողությունն ազդում է կյանքի տևողության վրա, անկախ առողջությունից և ֆինանսական վիճակից:
Երջանիկ տարեց մարդիկ ավելի ուշ են մահանում, հաղորդում է MedicalNews Today-ը: Այսպիսին են Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականների անցկացրած հետազոտությունների արդյունքները:
Հետազոտությանը մասնակցել է 52-79 տարեկան 3800 մարդ: Նրանցից յուրաքանչյուրին հնաձնարարվել է օրական չորս անգամ նշել իրենց զգացողություններն ու այդպիսով չափել երջանկության մակարդակը: Հետազոտության բոլոր մասնակիցները մոտավորապես հավասար են եղել այնպիսի գործոններով, ինչպիսիք են առողջական վիճակը, եկամուտների մակարդակը, կրթությունը և վտանգավոր սովորությունների առկայությունը:
Վերջնական արդյունքում մասնակիցները բաժանվել են երեք խմբի. երջանիկ, միջին և դժբախտ: Երբ մի քանի տարի հետո այդ խմբերում գնահատվել է մահացության ցուցանիշը, պարզվել է, որ բոլորից երկար ապրել են երջանիկ խմբի անդամները: Նրանց թվում մահացել է մասնակիցների 3,6%-ը, այն դեպքում, երբ միջին և դժբախտ խմբերի համար այդ թիվը կազմել է համապատասխանաբար 4,6% և 7,3%:
