Մեր թղթակիցը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պարզելու համար, թե դատախազությունն արդյո՞ք սրա վերաբերյալ ուսումնասիրություն սկսել է, ու ի՞նչ արդյունքներ կան: Ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը տեղեկացրել է. «Քաղաքապետարանից պահանջվել են նշված գործընթացներին առնչվող բոլոր փաստաթղթերը, որոնց շրջանակներում ուսումնասիրության առարկա կդառնա նաև նշված հանգամանքը»:
Հարցին էլ, թե «ԿամԱԶ»-ների նվիրատվության հարցով դատախազությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկել արդեն, քանի որ հայտարարվել էր, թե ուսումնասիրություն է սկսվել, Դատախազությունից պատասխանել են, որ ուսումնասիրությունն ընթացքի մեջ է:
«168 Ժամ»-ին տված հարցազրույցում Երևանի քաղաքապետարանին որպես «նվիրատվություն» «ԿամԱԶ»-ներ փոխանցած ընկերությունների վերաբերյալ բավականին ուշագրավ տեղեկություններ է հայտնել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Հարցին, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում հնչեցրած պարզաբանումներն արդյոք համոզի՞չ չէին. նա պատասխանել է. «Իզուր ներկայացրեց, որովհետև իր ներկայացրած փաստաթղթերից մեկի սեփականատերն է Վարդան Ֆելիքսի Ցոլակյանը, դե, երևի նա կապ ունի նախարար Ցոլակյանի հետ, մյուս փաստաթղթով մեկ այլ կազմակերպության սեփականատերն է Էմիլ Եղիազարյանը: Այս անուն-ազգանունը որևէ բան չի ասում, եթե չիմանանք, որ դա Իջևանի գինու և կոնյակի գործարանի սեփականատերն է, ով նաև Սիփան Փաշինյանի մոտ ընկերն է: Իսկ այս պատմության գագաթնակետն «Էյ Ջի Գրուպն» է. այս կազմակերպությունը թեև սնանկ է, բայց շինթույլտվություն է ստացել։ Բայց ես ևս մեկ սյուրպրիզ ունեմ՝ ես ունեմ մի փաստաթուղթ, որով Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները նոյեմբերի 27-ին պարգևավճարներ են ստացել. այդ ցանկում կան բոլոր փոխքաղաքապետերը և քաղաքի 18 վարչության պետերից միայն 8-ը, ընդ որում՝ յուրայինները։ Փոխքաղաքապետերը ստացել են 420.000-ական դրամ պարգևավճար: Պարգևավճարի ընդհանուր ֆոնդը կազմում է 4.8 միլիոն դրամ»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: