Մենք ունենք Ղարաբաղյան հարցին վերաբերող համաձայնեցված փաստաթղթեր. Զախարովա


19:24 , 17 հոկտեմբեր, 2019

Yerkir.am-ը գրում է․

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Արցախյան հակամարտությանը: «Միջնորդների խնդիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում այն է, որ առավելագույնս արագացվի այս խնդրի  կարգավորման ընթացքը»,– նշել է Զախարովան:

«Մենք այդ խնդիրը առավելագույն հետևողականությամբ կյանքի ենք կոչում և կառուցողական աշխատանքի, կառուցողական քայլերի կոչ ենք անում: Մենք ունենք համաձայնեցված բանաձևեր, համաձայնեցված փաստաթղթեր, առաջ շարժվելու համաձայնեցված օրակարգ»,- հայտարարել է Զախարովան:

Նա նաև անդրադարձել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի՝ Արցախ այցի վերաբերյալ ադրբեջանցիների դժգոհություններին: Զատուլինն Արցախ էր այցելել՝ մասնակցելու Արցախի բարեկամների համաժողովին: Զախարովան հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջում գրված է, որ ՌԴ այն քաղաքացիները, որոնք այցելելու են Արցախ, խնդիրներ են ունենալու Ադրբեջան այց կատարելիս, իսկ  ԼՂ հակամարտության մասին պաշտոնական տեսակետ կարող են հայտնել միայն գործադիր իշխանության մարմինները: