Թուրքիայի թիրախում հայտնված տարածքներում տարբեր տվյալներով շարունակում են ապրել շուրջ 3000 սիրիահայեր


10:47 , 10 հոկտեմբեր, 2019

Սիրիայի հուսիս-արևելքում քրդական տարաբնույթ կառույցների դեմ Թուրքիայի նախաձեռնած հերթական ռազմագործողությունը որոշակի մարտահրավերներ է պարունակում նաև սիրիահայ համայնքի համար։
Մասնավորապես, Թուրքիայի թիրախում հայտնված տարածքներում գտնվող ամենախոշոր Հասաքայի և Կամիշլիի շրջաններում տարբեր տվյալներով շարունակում են ապրել շուրջ 3000 սիրիահայեր։

Իրավիճակն ավելի է բարդանում ս․թ․ ապրիլից Սիրիայի քրդերի կողմից նախաձեռնված և նաև թուրքական քարոզչամեքենայի կողմից լայնորեն տարածված, այսպես կոչված, «Հայկական գումարտակի» ձևավորման թեմայի համատեքստում․ նշված կազմավորումն իբրև թե գործում է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կառույցի շրջանակում, որը ևս հիմնականում Անկարան համարում է ահաբեկչական։ Ստացվում է՝ Թուրքիայի հակաահաբեկչական գործողության թիրախում առնվազն կարող են հայտնվել նաև ազգությամբ հայեր։

Չնայած այն հանգամանքին, որ վերոնշյալ շրջանները համեմատաբար խիտ են բնակեցված, և դրանց ուղղությամբ լայնամասշտաբ գործողությունները հղի են մարդասիրական աղետի սպառնալիքով, ինչից այս փուլում Թուրքիան ամեն կերպ կխուսափի, այդուհանդերձ, ստեղծված իրավիճակում առայժմ գոնե դիվանագիտական հարթությունում՝ Աստանայի ձևաչափում, Թուրքիայի գործընկերների՝ Ռուսաստանի և Իրանի հետ համագործակցությամբ անհրաժեշտ է փորձել երաշխիքներ ձեռք բերել շրջանի հայ համայնքի անվտանգության հարցում։

Իսկ կանխատեսելի ապագայի համար ճիշտ կլինի օրակարգում ունենալ նաև նրանց տարհանման տարաբնույթ սցենարներ։