Ազդեցիկ իրաքցի հոգևորական Մուքթադա ալ-Սադրը կոչ է արել Իրաքի վարչապետին և նրա կառավարությանը հրաժարական տալ


12:45 , 5 հոկտեմբեր, 2019
Ազդեցիկ իրաքցի հոգևորական Մուքթադա ալ-Սադրը կոչ է արել Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ-Մահդիին և նրա կառավարությանը հրաժարական տալ և նշանակել նոր ընտրություններ, որպեսզի բավարարվեն ցուցարարների պահանջները, և վերջ դրվի արյունահեղությանը: Չորս օր տևող բողոքի ցույցերի ընթացքում, ըստ վերջին տվյալների, զոհվել է 43 մարդ, վիրավորվել են 2029-ը, ձերբակալվել՝ 481 ցուցարար: Արդեն հայտնի է, որ զոհվածներից առնվազն երկուսը սպանվել են դիպուկահարի կողմից: Իրաքյան խորհրդարանը նույնպես դատապարտել է բռնության կիրառումը և հանդես եկել դատապարտող հայտարարությամբ: Խորհրդարանի նախագահ Մուհամմեդ ալ-Հալբուսին պահանջել է անհապաղ հետաքննություն սկսել և պատժել մեղավորներին: Խորհրդարանի սուննիական կուսակցությունների խմբերը, «ի պաշտպանություն ժողովվրդական շարժման», դադարեցրել են օրենսդիրում իրենց աշխատանքները և միացել ժողովրդական շարժմանը: